Հայաստան 

Թող վախենան նրանք, ովքեր վատ նկատառումներ ունեն. փոխմարզպետ

Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանն այսօր ԱԺ-ում էր. նա փոխարինելու էր եկել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ ներկայացնելու 2014թ-ի բյուջեի կատարողականը:

 

Լրագրողները հարցրին՝ մարզում լարված իրավիճա՞կ է, թե ոչ՝ ելնելով վերջին իրադարձությունները, երբ հրազենային կրակ էին բացել մարզպետի մեքենայի վրա։

 

Վաչե Գրիգորյանը նշեց, թե չէր ասի, որ Սյունիքում պայթունավտանգ իրավիճակ է, չնայած շեշտեց, թե վերջին դեպքերից բոլորն են տեղյակ:

 

«Լարվածությունն այն օրերին էր, երբ այդ դեպքերը տեղի ունեցան, հիմա լարվածություն չկա»,-ասաց նա:

 

Փոխմարզպետը մասնագիտական հարց է համարեց և շեշտեց, թե չի կարող կարծիք հայտնել, թե ինչպես եղավ, որ մարզպետի դեմ մահափորձին 20 կրակոցից ոչ մի գնդակ չդիպավ նրան:  

 

Հարցին, թե Սուրիկ Խաչատրյանը Սյունիքում թշնամիներ ունի՞, Վաչե Գրիգորյանը պատասխանեց, թե չի կարծում, որ ունի:

 

«Ընդհակառակը, կարծում եմ, որ չունի, ինքը երկար տարիներ Սյունիքի մարզպետն է եղել, ինչի՞ մասին է խոսքը»,-ասաց նա:

 

Իսկ թե հանրապետությունում թշնամիներ ունի՞, թե ոչ, այդ հարցին չի կարող պատասխանել:

 

«Հայաստանը բոլորիս տունն է, Սյունիքն էլ նրա ծննդավայրն է, և չեմ կարծում, որ նա որևիցե մեկից վախենում է: Վախենան նրանք, ովքեր ունեն վատ նկատառումներ»,-ասաց նա:

 

Հարցին, թե նրան պատիվ բերո՞ւմ է աշխատել Սուրիկ Խաչատրյանի ենթակայության ներքո, փոխմարզպետը նշեց, թե շատ մեծ: Իսկ թե մարզպետարանն իր գործառույթները լա՞վ է կատարում՝ հաշվի առնելով այն, որ մարզը մշտապես աչքի է ընկնում սկանդալներով, որտեղ ներառված է մարզպետն ու ընտանիքը, փոխմարզպետը խնդրեց ներընտանեկան հարցերին իրեն չներգրավել:

 

«Ես կարծում եմ՝ դա ձեր կարծիքն է։ Պետական կառույցի խնդիրներն այլ են, եթե կան քրեական վիճակի մասին, կամ այլ, ես չեմ տեսնում, իսկ  եթե կոնկրետ ինձ նկատի ունեք, ինչ ինձ վերաբերում է, ես կատարում եմ»,-ասաց նա:

 

Իսկ թե մարզի քրեական վիճակի մասով մարզպետարանը պատասխանատու չէ՞,  նա պատասխանեց, թե իրենք հատկապես մարզի սոցիալ-տնտեսական զարգացման մասին պետք է մտածեն, մարզի  ժողովրդի բարեկեցության մասին. «Որը հաջողությամբ կարծես թե կատարում ենք»:

Նույն շարքից