Հայաստան 

Մինչև տարեվերջ մենք կունենանք ՀՀ-ԵՄ իրավական հարաբերությունները կարգավորող նոր փաստաթուղթ․ Կարեն Նազարյան

Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը 2014թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանն անդրադարձավ նաև Ռիգայի գագաթաժողովի ընթացքում ընդունված համատեղ հռչակագրին:

 

«Հռչակագրում նշվում է նաև, որ Հայաստանի և Եվրամիության ապագա համաձայնագրի շրջանակի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր ըմբռնում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ իրենց համապարփակ համագործակցության հետագա զարգացման համար»,-տեղեկացրեց ԱԳ փոխնախարարը:

 

Նա հավելեց, թե 2014թ. տարեվերջից ՀՀ-ԵՄ նոր իրավական համագործակցության հաստատման շուրջ ԵՄ-ի հետ տեղի են ունեցել քննարկումներ:

 

«Նախատեսվում է, որ Բրյուսելի հետ համագործակցության նոր համաձայնագիրը կներառի ինչպես քաղաքական երկխոսության՝ արդարադատության, միջազգային անվտանգության, այնպես էլ մի շարք ոլորտային և առևտրաարդյունաբերությանն առնչվող մասեր»,-ասաց նա:

 

Փոխնախարարը նաև հարկ համարեց տեղեկացնել, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ երկրներին է ներկայացվել բանակցային մանդատի նախագիծը, որը առաջիկայում՝ ԵԽ-ի կողմից հաստատելու պարագայում անմիջապես կմեկնարկեն ՀՀ-ԵՄ բանակցությունները:

 

Նա հավելեց, որ Ռիգայի գագաթաժողովի համաձայնագրում ևս ամրագրվում է, որ նախատեսվում է վիզաների դյուրացման միջոցառումները շարունակել:

 

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ փոխնախարարին ուղղված հարցը Ռիգային էր վերաբերում:

 

«Ռիգայի գագաթաժողովից հետո Եվրոպական ինտեգրացիայով հետաքրքրվողների բանակը բաժանվեց երկու հատվածների՝ լավատեսերի և հոռետեսների: Լավատեսները վստահ են, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ՀՀ-ԵՄ իրավական հարաբերությունները կարգավորող նոր փաստաթուղթ։ Հոռետեսները պնդում են, թե սա հերթական իմիտացիոն գործընթացն է լինելու, և անհրաժեշտ պահին մեր ռազմավարական գործընկերը ուղղակի միջամտությամբ կկասեցնի ՀՀ-ԵՄ ռեսթարթ եղած նոր հարաբերությունները: Ես կուզենայի իմանալ, Դուք ո՞ր խմբին եք պատկանում՝ լավատեսների՞, թե հոռետեսների»,-հարցրեց նա՝ միաժամանակ նշելով, թե վստահ է, որ Եվրոպական խորհուրդը կտա բանակցություններ սկսելու մանդատը, քանի որ նա նույնպես շահագրգռված է այդ հարաբերությունների հաստատման համար:

 

Նաիրա Զոհրաբյանը նաև հարցրեց, թե որքան ժամանակում պատրաստ կլինի նոր իրավական փաստաթուղթը:

 

Փոխնախարարը պատասխանեց, թե բնականաբար ինքը լավատեսների շարքին է պատկանում:

 

«Իրավունքն էլ չունեմ այլ ձև մտածելու, որովհետև բավականաչափ աշխատանք է արվել և՛ նախորդ շրջանում, և՛ նոյեմբեր ամսից սկած, և հիմնական նպատակը եղել է համատեղելի տարրեր գտնելը»,-ասաց նա:

 

Ըստ նրա՝ մտքերի փոխանական գործընթացն ընթացել է նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրի շուրջ և փորձել են ի մի բերել համադրելի տարրերը՝ կապված ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցության պարտավորությունների հետ:

 

«Կարելի է ասել՝ տրվել է դրական արձագանք, ունենք պատկերացում կառուցվածքի վերաբերյալ, բայց ես չէի ցանկանա առաջ ընկնել»,-ասաց նա և հույս հայտնեց, որ բանակցություններ սկսելը սպասեցնել չի տա:

 

Ինչ վերբերում է ռազմավարական գործընկեր երկրի դիրքորոշմանը, ապա Կարեն Նազարյանը նշեց. «ԵՄ-ի հետ ՀՀ-ի հարաբերություններն ուղղված չեն որևէ այլ երրորդ երկրի դեմ, տեղի են ունենում քննարկումներ, և ընդհանուր առմամբ մեր գործընկերները, այդ թվում նաև՝ ռազմավարական գործընկերները, տեղյակ են մեր անելիքներից և ակնկալիքներից, և հուսանք, որ գործընթացը կունենա հաջող ընթացք»,-նշեց նա:

Նույն շարքից