«Իրականությունն այնպիսին է, որ ես երբևիցե այդպիսի հերյուրյանքների, բացահայտ ստերի պայմաններում սադրանքի չեմ ենթարկվում: Ես ամեն ինչ հասկանում եմ, և բոլոր գործողությունները պետք է լինեն օրինականության դաշտում, օրենքի շրջանակում: Եթե ճիշտ գնահատում ես իրադրությունը, ճիշտ կողմնորոշվում, նաև ճիշտ որոշումներ ես կայացնում: Որոշումը պետք է լինի միայն օրինական»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը՝ հաստատելով, որ դիմել է գլխավոր դատախազին իր ընտանիքի վերաբերյալ մամուլում զրպարտություններ տարածելու հարցով:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 27-ին դիմել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որպեսզի վերջինս զբաղվի իր և կնոջ մասին վերջին շրջանում լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների տարածման խնդրով:
Նախարարը գրել է, որ իր կնոջ մասնակցությամբ վթարի, Ֆրանսիայում հիվանդանոց, թանկարժեք մուշտակ ձեռք բերելու եւ մյուս լուրերը սուտ են, ապատեղեկատվություն, նպատակ ունեն զրպարտելու իրեն եւ իր ընտանիքին: Օհանյանը խնդրել է պարզել տեղեկությունների իսկությունը, իսկ եթե պարզվի, որ դրանք սուտ են, ճշտել դրանք տարածողի ինքնությունը եւ պատասխանատվության ենթարկել: