Հայաստան 

Հովիկ Աբրահամյանը Ղազախստանում հանդիպումներ է ունեցել Վիետնամի և Ղրղզստանի վարչապետերի հետ

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ղազախստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վիետնամի  վարչապետ Նգուեն Տան Զունգի  և Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:
 



Վիետնամի  վարչապետ Նգուեն Տան Զունգի հետ հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
 



Վարչապետ Աբրահամյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին հայ-վիետնամական կապերն ամրապնդվել են և լավ հիմք են ստեղծել փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նրա խոսքով՝ երկու երկրների հարաբերություններում նոր գործոն է հանդիսանում համագործակցությունը Վիետնամի և Եվրասիական տնտեսական միության միջև:


 

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների միջև գոյություն ունի տնտեսական մեծ ներուժ, և պետք է գործուն քայլեր ձեռնարկել այն իրացնելու համար: Այս համատեքստում Հայաստանի վարչապետն առաջարկել է  ստեղծել հայ-վիետնամական միջկառավարական հանձնաժողով, ինչն  առևտրատնտեսական համագործակցության համար լավ խթան կհանդիսանա:   Կարևորվել է նաև համատեղ գործարար համաժողովի կազմակերպումը, ինչը նույնպես կնպաստի տնտեսական կապերի հետագա զարգացմանը:

 


Վիետնամի  վարչապետ Նգուեն Տան Զունգը, ողջունելով գործընկերոջը, ընդգծել է, որ Վիետնամը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքով՝  անհրաժեշտ  է ակտիվացնել և զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները: Նա  գոհունակությամբ է ընդունել վարչապետ Աբրահամյանի՝ միջկառավարական հանձնաժողով ստեղծելու և գործարար  համաժողով կազմակերպելու առաջարկները:
 


Զրուցակիցները կարևորել են նաև միջազգային ասպարեզում համագործակցության խորացումը:
 


ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի  և Ղրղզստանի վարչապետ  Թեմիր Սարիևի   հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ղրղզական տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները և կարևորվել տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնումը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել տնտեսական կապերի աշխուժացման և առևտրաշրջանառության ծավալի ավելացման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
 


Հայաստանի և Ղրղզստանի վարչապետներն անդրադարձել են նաև ԱՊՀ և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի:



 

 

 

 

Նույն շարքից