Այսօր ազդարարվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադրման մասին: Միաձայն քվեարկության դրվեց կուսակցության կանոնադրությունը, հաստատվեց վարչության և վերահսկող հանձնաժողովի թվակազմը, կուսակցության վարչության նախագահ նշանակվեց Արայիկ Հարությունյանը։
Իսկ մինչ այդ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կուսակցությունում սուպերլիդեր չի լինի, կուսակցությունում որոշումները կընդունվեն կոլեգիալության սկզբունքով:
Իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Քաղաքացիական պայմանագիրը մտադիր է մասնակցել ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական ընտրություններին մասնակցել:
«Շուրջ երկու տարի տևած քննարկումների արդյունքում այսօր հավաքվել ենք կարևոր որոշում կայացնելու՝ կուսակցություն հիմնելու մասին»,- հայտարարեց Փաշինյանը և նշեց, թե ՀՀ քաղաքացիների մոտ արդարացիորեն հարց կարող է առաջանալ՝ ի՞նչ իմաստ ունի ստեղծել հերթական կուսակցությունը, երբ երկրում ավելի քան 70 կուսակցություն կա։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ հայաստանյան քաղաքական շրջանակներում առաջին անգամ չէ, որ խոսվում է իշխանափոխության անհրաժեշտության մասին, բայց Քաղաքացիական պայմանագիրը ոչ թե ուզում է խոստանալ իշխանափոխություն և այն չստացվելուց հետո արդարանալ, այլ հասկանալ իշխանափոխության բոլոր խոստումները և ապահովագրել ինքն իրեն նման ձախողումներից և դրանից հետո նոր խոստանալ իշխանափոխություն:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մտադիր է ՀՀ ողջ տարածքով՝ բոլոր քաղաքներում և գյուղերում ստեղել տարածքային կառույցներ, վստահված անձանց թիմեր, համայնքների ղեկավարների և ավագանու անդամների թեկնածուներ։ «Պետք է այլևս այնպիսի Հայաստան կառուցել, որ ՀՀ քաղաքացիների համար հարց չառաջանա, թե որ երկրի հետ կապեն իրենց երեխաների ապագան»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագրի» յուրաքանչյուր անդամ պետք է հնարավորություն ունենա մասնակցել ընտրական գործընթացներին, ընտրվել կուսակցության ղեկավար մարմիններում։ «Քաղաքացիական պայմանագիրը պետք է դառնա նոր լիդերների ձևավորման հարթակ ... Մեր առաջնային խնդիրն է պատրաստվել առաջիկա խորհրդրանական ընտրություններին»,-ասաց նա:
«Կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ ՀՀ-ում»,- իր ելույթը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: