Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստան է տեղափոխվել մոտ 13 հազար սիրիահայ, երկուշաբթի բյուջետային լսումների ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նրա խոսքով` միայն վերջին մի քանի ամսում Սիրիայից շուրջ 500 հայ է տեղափոխվել Հայաստան։
«Բյուջեի և տարբեր հիմնադրամների միջոցների հաշվին լուծվում են սիրիահայերի ուսման և բժշկական օգնության տրամադրման հարցերը», – ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ 500 երիտասարդ սիրիահայեր սովորում են Հայաստանի բուհերում, ավելի քան 100 ձեռներեցներ զբաղվում են բիզնեսով, մոտ հազար մարդ տեղավորվել է աշխատանքի։ Երեխաների համար կազմակերպվում է ամառային հանգիստ, հայերենի և ռուսերենի ուսուցման դասընթացներ։
Հակոբյանն ավելացրեց, որ ևս հինգ ընտանիք Հայաստան է տեղափոխվել Իրաքից, որտեղ իրավիճակը փոքր–ինչ ավելի լավ է, քան Սիրիայում։