Հայաստան 

Ինչպե՞ս պետք է հային հայ պահենք, երբ բարևից բացի ոչինչ չգիտեն, էլ չեմ խոսում հայկական դասագրքերից․ Ն․ Զոհրաբյանը՝ սփյուռքի նախարարին

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը իր մտահոգությունը հայտնեց՝ սփյուռքի հայ գաղթօջախներում հայոց լեզվի իմացության խնդրի վերաբերյալ:



Պատգամավորը նշեց թե նոյեմբերին ԱԺ պատվիրակության հետ եղել էր Հարավային Ամերիկայում՝ Ուրուգվայ, Բրազիլիա և այցի ընթացքում եղել են նաև հայկական վարժարաններում, դպրոցներում: «Զարմանալիորեն գերակշիռ մեծամասնության համար բարևն առավելագույնն էր, որ հայ երեխաները գիտեին: Ինչպե՞ս ենք փորձելու կարգավորել այս հարցը հեռավոր համայնքներում, շատ կարևոր, ստրատեգիական համայնքներում: Ադրբեջանը նաև այստեղ է սողոսկել, ակտիվ հակաքարոզչություն է իրականացնում: Ինչպե՞ս պետք է հային հայ պահենք, երբ բարևից բացի ոչինչ չգիտեն, էլ չեմ խոսում հայկական դասագրքերից»,- ասաց նա:



Հրանուշ  Հակոբյանը պատասխանեց, թե կիսում է այդ կարծիքը: «Դա ամենաբարդ  խնդիրն է, որ այսօր ծառացած է հայկական սփյուռքի առջև:  8 մլն հայերին եթե գումարենք ևս իսլամացած 2 մլն-ը, նրանց մեջ գնալով պակասում է հայերեն իմացողների թիվը, նաև պակասում է հայկական վարժարանում սովորողների թիվը»,- ասաց  նախարարը և հավելեց, թե տարբեր պատճառներ կան, որից մեկն այն է, որ կողքը կան ֆրանսիական, անգլիական ավելի որակյալ դպրոցներ և ծնողներն ուզում են ավելի որակյալ ուսում տալ:

 

 

«Մյուս կողմից էլ մտածում են, որ այսօր հեռավոր տարածքներում հայերենն այդքան էլ պետք չէ, և  ծնողներ կան, որոնք մտածում են, որ իրենց երեխաներին արագ ինտեգրեն»,- ասաց նա:

 

 

Նախարարը նաև նշեց, որ երրորդ խնդիրը խառն ամուսնություններն են: Մեկ այլ խնդիր է  հեռավորությունը, և հայրենիք գալը ֆինանսական դժվարություններ է առաջացնում:



«Այնպես որ խնդիրը բազմավեկտոր է, և այդ առումով նախարարությունն իր կարևոր խնդիրը համարում է հայապահպանության խնդիրը»,- ասաց նա:

 

Հրանուշ Հակոբյանը նշեց, թե դա է պատճառը, որ «Հայ բարեգործական ընդհանուր միության» հետ միասին վիրտուալ քոլեջ են ստեղծել: «Բացի այդ, գտնում ենք, որ հայանալու, հայ ապրելու գլխավոր բանաձևը հայրենիքը տեսնելն է, և դա է պատճառը, որ մեծ տեղ ենք տալիս «Արի տուն» ծրագրին, և վստահ կարող եք լինել, որ նրանք, ովքեր մասնակցում են, էլի են ուզում իրենց ծնողի հետ հայրենիք գալ»,- ասաց նա: 

 

 

Նախարարը նշեց, թե կարևոր ծրագիր է նաև  Երևանի պետական համալսարանում ամառային դպրոցի բացումը: Նաև, ըստ նրա, մեծ տեղ է տրվում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին և իրենք հարցը փորձում են լուծել ոչ թե սփյուռքի ուսուցիչներին այստեղ վերապատրաստելով, այլ լավ մասնագետներ ուղարկելով. «Արդեն մեկ լավագույն մասնագետի ուղարկել ենք Ավստրալիա, ով վերապատրաստում է 40-ից ավելի ուսուցիչների, նույնը նաև Լատինական Ամերիկա կուղարկենք, որը կվերապատրաստի 80 ուսուցիչների»: 



Հրանուշ Հակոբյանը նաև նշեց, թե իրենք տարբեր կոչերով են հանդես գալիս, ինչպես օրինակ՝ Նախագահն էր անցյալ տարի ասել, որ տանը խոսեն հայերեն:

Նույն շարքից