Հայաստան 

Ես ամեն օր բանկերում չեմ կանգնում ու հաշիվ պահանջում. դա իմ խնդիրը չէ. Հ․ Հակոբյան

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին վստահեցրեց, որ իր կոչը՝ ուղղված սփյուռքին, իր ազդեցությունն ունեցել է, բայց թե ինչքան, նշել չի կարող:


«Ես ամեն օր բանկերում չեմ կանգնում ու հաշիվ պահանջում. դա իմ խնդիրը չէ, իմ խնդիրն է ՀՀ-ում եղած որոշակի տեղեկատվությունը փոխանցել Սփյուռքին։ Որպես նախարար պարտավոր եմ Սփյուռքին տեղեկացնել, որ ՀՀ բանկերում ավանդները 6-18% են, եթե ներդրում եք անում, դրանով շահում եք, շահում են նաև ՀՀ բանկերը»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:


Հիշեցնենք, որ նախարարը կոչ էր անում սփյուռքահայերին հազարական ամերիկյան դոլար ներդնել հայկական բանկերում:


«Իմ առաջարկը շատ տեղին է, դրա համար կարդացեք նաև արտասահմանյան մամուլը, որ իրենք արձագանքում են։ Օրեր առաջ ընդունել էի Հայաստան հիմնադրամի տեղական մարմինների 30 հոգանոց պատվիրակությանը, երբ հանդիպումն ավարտվեց, Կանադայի ներկայացուցիչն առաջարկեց գնալ ու բանկերում գումարներ ներդնել, և բոլորը միայն ծափահարեցին»,-ասաց նախարարը:



Հրանուշ Հակոբյանը նույնիսկ փաստեր ներկայացրեց. օրեր առաջ Կանադայից նամակ է ստացել մի մարդուց, ով հայտնել է, որ երեք աղջիկների հետ 1994 թ-ից հետո չի եղել ՀՀ-ում և նախարարի կոչից հետո պատրաստ է 3000$ ներդնել ամեն աղջկա անունով:


Դիտարկմանը, որ շատերը կարծիք են հայտնում, որ սփյուռքը չի վստահում հայաստանյան բանկային համակարգին, Հրանուշ Հակոբյանը հակադարձեց. «Ես ամեն օր էլ դիմում եմ սփյուռքին, եթե իրենք մեզ չվստահեին, մեր ծրագրերը չէին ընդլայնվի, համահայկական կառույցները մեզ հետ պայմանագրեր չէին կնքի»:
 


Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սփյուռքի նախարարը հայտնի է սփյուռքին ուղղված իր կոչերով, արդյոք ցանկություն չկա՞ նույն կոչերով դիմել կուսակից գործընկերներին, օրինակ՝ եկեղեցիներ կառուցելու փոխարեն ներդրումներ անել և աշխատատեղեր ստեղծել, նախարարը պատասխանեց, թե մեկը մյուսի հետ չի կարելի համադրել:

 


«Յուրաքանչյուր բարերար ինքն է որոշում, թե իր աշխատած գումարները որտեղ ներդնի, հիմա եթե գամ ձեր տուն ու ասեմ՝ էս գումարն էստեղ մի ծախսեք, էստեղ ծախսեք դուք ինձ կլսե՞ք, մարդն ինքն է որոշում իր անելիքը»,-ասաց նա:

Նույն շարքից