Հայաստան 

Այս շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսում կքննարկեն ՀՀ-ին ու ԼՂՀ-ին ֆինանսական օգնության տրամադրման հարցը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովն այս շաբաթ կքննարկի 2016թ. ֆիսկալ տարվա բանաձևը, որն իր մեջ ներառում է նաև Հայաստանի Հանրապետությանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանն օգնության տրամադրման հարցը:

 

Ինչպես նշում է asbarez.com-ը՝ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբին (ANCA) հղումով, նախքան չորեքշաբթի կայանալիք քվեարկության ավարտը հնարավոր չէ պարզել, թե Հայաստանին ու ԼՂ-ին ֆինանսական օգնության ինչ չափ է հատկացված:

 

Սակայն ANCA-ն փորձում է հայամետ օրենսդիրների միջոցով այնպես անել, որ ԱՄՆ-ի իշխանությունները ԼՂ-ի զարգացման համար հատկացնեն առնվազն 5 մլն դոլար, իսկ Հայաստանի տնտեսության զարգացման համար` առնվազն 40 մլն դոլար:

 


ANCA-ն ցանկանում է, որ ԱՄՆ-ն ձեռք մեկնի Հայաստանին հազարավոր սիրիահայերի ու պատերազմական վիճակում գտնվող Սիրիայից արտագաղթած այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին օգնելու հարցում:


 

Նրանք նաև պահանջում են, որ Միացյալ Նահանգները զրոյական օգնություն ցուցաբերի Ադրբեջանին, քանի դեռ այդ երկիրը վերջ չի տվել իր տարածաշրջանային ագրեսիային: Ինչ վերաբերում է Վրաստանին տրամադրվելիք օգնությանը, ապա ANCA-ն պահանջում է, որ դրա առնվազն 10 տոկոսը հատկացվի հայաբնակ Սամցխե-Ջավախքի շրջանում աշխատատեղերի ստեղծման ծրագրին:

Նույն շարքից