«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արթուր Աֆրիկյանին հարցրեց, թե ով և ինչ քանակությամբ կաթի փոշի է ներկրվել Հայաստան, որի պատճառով, ըստ նրա, կաթի մթերման գինը 170 դրամից հասել է 80 դրամ:
Ըստ նրա՝ Լոռու մարզում Տաշիրի տարածաշրջանում կաթը մթերվում է արդեն 80 դրամով:
«Մինչև հունվար 2400 տոննա կաթի փոշի է ներկրվել Հայաստան, կարո՞ղ եք ասել՝ հունվարից այս կողմ որքա՞ն կաթի փոշի է ներկրվել, մասնավորապես՝ Ուկրաինայից և ովքե՞ր են կաթի փոշի ներկրող ընկերությունները և տերերը, եթե գիտեք, անվանական նշեք»,-բյուջեի կատարողականի քննարկմանը հարցրեց ԲՀԿ պատգամավորը:
Փոխնախարարը նշեց, թե ինքը չի կարող պատասխանել. «Քանի որ քննարկվում է 2014թ-ի բյուջեն, այդ թվերը իմ մոտ չկա: Չեմ կարող ասել՝ ինչքան է և ով է ներկրում, շատ ապրանքատեսականի կա, բոլորն անգիր չեմ կարող ասել»:
Նաիրա Զոհրաբյանը խնդրեց իր հարցին գրավոր պատասխանել: