Հայաստան 

Հայաստանում կա 65 կրոնական կառույց, որից 51-ը նոր կրոնական շարժումներն են. Ալեքսանդր Ամարյան

analitik.am

Նոր կրոնական կառույցները ներխուժել են բոլոր մարմիններ և կարողանում են անհրաժեշտ անհատական ցանկացած տեղեկատվություն ստանալ: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ հրավիրված «Հոգևոր անվտանգություն. մարտահրավերներ, խնդիրներ» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այսօր այս մասին հայտարարեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

 


Նա ասաց, որ պետք է որոշել, թե ինչ պետք է անել դրա դեմն առնելու համար, ոչ թե միայն խոսել:
«Հայաստանում կա 65 կրոնական կառույց, որից 51-ը նոր կրոնական շարժումներն են»,-ասաց Ալեքսանդր Ամարյանը:

 


«Եվրոպական Կոնվենցիայի 9-րդ հոդվածի առաջին կետով ասվում է, որ բոլորն ազատ են դավանելու հարցում, բայց չեն անդրադառնում երկրորդ կետին, որ եթե կրոնական կազմակերպությունները գործում են ի վնաս պետական անվտանգության, ապա նրանց գործունեությունը, իրավունքները պետք է սահմանափակվեն»,- ասաց Ամարյանը:

 


Վերջինիս հավաստմամբ՝  հոգևոր անվտանգության մասին խոսելիս պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Մեծամոր քաղաքը լեփ-լեցուն է «Եհովայի վկաներով»:

 

«Ատոմակայանի աշխատողների մեջ էլ կան»,-ասաց Ալեքսանդր Ամարյանը՝ շարունակելով. «Մորմոնները, ովքեր ամբողջ աշխարհում որպես լրտեսական կառույց են հայտնի, զբաղվում են տեղեկատվության հավաքագրմամբ: Հայաստանում նրանք գտնվում են այնտեղ, որտեղ զորամասեր կան, էլիտա, նրանք զբաղվում են ոսկու բիզնեսի շուկայի մեծածավալ առևտրով»:

 


Ամարյանն ասաց նաև, թե Ավետարանչական եկեղեցին ակտիվորեն մտած է քաղաքականության մեջ. «Դա մենք հանդուրժում ենք այն բանի համար, որ չկա մասնագետ, որ կարողանա որակավորում տալ: Բոլոր նոր կրոնական կառույցներն էլ ակտիվորեն ներգրավված են բարեգործական ծրագրերի մեջ: Երեխաներին տուփերով նվեր են բաժանում՝մեջը  կրոնական գրականություն դնելով: Հոգեորսությամբ են զբազվում»:

 

 

Ալեքսանդր Ամարյանն ասաց նաև, թե Հայաստանում չկան կենտրոններ, որտեղ կրոնական կառույցներից դուրս եկողները ռեաբիլիտացիա անցնեն:

Նույն շարքից