Հայաստան 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտյեխի հետ

Հունիսի  2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  հանդիպել է  Չեխիայի Սենատի  նախագահ Միլան Շտյեխի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:



Ողջունելով Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին՝ Սենատի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի այցը Չեխիա՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի երկու երկրների ջերմ և բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և  կխթանի չեխ-հայկական համագործակցությունը տարբեր  ուղղություններով:



Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանի վարչապետը  նույնպես վստահություն է հայտնել, որ այցը կարևոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությունը,  միջխորհրդարանական համագործակցության խորացումը, փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը:

 

Նույն շարքից