Հայաստան 

Սերբիան և Հայաստանը պատմական ընդհանրություններ ունեցող բարեկամ երկրներ են. ԵԱՀԿ գործող նախագահ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 3-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչին:

 

Իվիցա Դաչիչի հետ Ազգային ժողով են այցելել ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցերով նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:



Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵԱՀԿ խորհդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արծվիկ Մինասյանը, Մհեր Շահգելդյանը, Ստեփան Մարգարյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:



Ողջունելով Իվիցա Դաչիչի այցը Հայաստան՝ ԱԺ նախագահը կարևորել է այն՝ խնդիրներին տեղում ծանոթանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու առումով: Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջանում անվտանգությանը և համագործակցությանը նպաստ բերելու Սերբիայի պատրաստակամությունը, որն արտահայտվում է նաև ԵԱՀԿ նախագահության ստանձմամբ:



ԱԺ նախագահը փաստել է, որ ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է լուծվեն միջազգային իրավունքի բոլոր նորմերի հավասարարժեք կիրառման և Հելսինկիի Եզրափակիչ սկզբունքների հիման վրա: Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ:



ԱԺ նախագահն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ, որով ապակայունացվում է իրավիճակը տարածաշրջանում: Նա նշել է, որ Հայաստանը վաղուց որդեգրել է խնդրին խաղաղ լուծում տալու ուղին, սակայն միջազգային հանրությանը, մասնավորապես ԵԱՀԿ-ին Ադրբեջանի պահվածքը պիտի մտահոգության առիթ տա:



Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաև կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: ԱԺ նախագահը դրական է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը և համագործակցությունը ՀՀ Ազգային ժողովի հետ:



Գալուստ Սահակյանը, անդրադառնալով հայ-սերբական համագործակցությանը, կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը և խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը:



ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սերբիան և Հայաստանը պատմական ընդհանրություններ ունեցող բարեկամ երկրներ են:



Կարևորելով Սերբիայի և Հայաստանի միջև հարբերությունների զարգացումը՝ պարոն Դաչիչը պատրաստակամություն է հայտնել աջակցելու տարածաշրջանային մի շարք հարցերի լուծմանը և համագործակցության ընդլայնմանը: Նա, կարևորելով մեր տարածաշրջանի դերը կայունության հաստատման և պահպանման գործում, նշել է, որ պետք է աշխատել անվտանգության մեխանիզմների ուղղությամբ, կայունացնել հարաբերությունները շփման գծում, որպեսզի ոչ մի կողմից զոհեր չլինեն: Արձագանքելով Ազգային ժողովի նախագահի մտահոգությանը՝ պարոն Դաչիչը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ավելի ակտիվ պիտի գործի՝ պահպանելով համաձայնեցված սզբունքները:



Իվիցա Դաչիչը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ԵԱՀԿ գործունեությունը դրական գնահատելու և կազմակերպության հետ լիարժեք համագործակցելու համար:



ԵԱՀԿ նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը, խոսելով ԵԱՀԿ-Հայաստան համագործակցության մասին, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը հարաբերությունների զարգացման գործում և նշել, որ մեծ ներուժ կա այդ ոլորտում: Անջելո Գնեդինգերը գոհունակությամբ նշել է նաև, որ Հայաստանը տարածաշրջանում օրինակելի է իր ժողովրդավարությամբ:

Նույն շարքից