Հայաստան Տնտեսություն 

Սերգո Կարապետյանը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալներ Գրիշա Բաղիյանը,  Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

 

«Այսօր մենք պետք է քայլեր ձեռնարկենք կաթի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ: Իսկ դա հնարավոր է իրականացնել միայն համատեղ ջանքերի, ինչպես նաեւ միավորված ու համակարգված աշխատանքի շնորհիվ», – իր խոսքում նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել կաթի մթերման գների կարգավորման խնդրին` կարեւորելով վերամշակող ընկերությունների կողմից կաթի ընդունման միասնական գների սահմանման անհրաժեշտությունը: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին մինչեւ հունիսի 1-ը, այն է`  արոտային պահվածքի անցնելը, պահպանել մթերման  գործող գները:

Նախարարը նաեւ հորդորել է հանդիպման մասնակիցներին դիվերսիֆիկացնել  իրենց ընկերությունների արտադրանքի` մասնավորապես պանրի տեսականին,  որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության տարածքում:

 

Անդրադառնալով ոլորտի այլ խնդիրներին` նախարարը, մասնավորապես, մատնանշել է գյուղատնտեսական կոոպերատիվների հետ սերտ համագործակցության եւ արտադրանքի որակի բարձրացման նպատակով նորագույն տեխնոլոգիաների ներդրման կարեւորությունը:

 

Խորհրդակցության ավարտին նախարարը հանձնարարել է  փոխնախարարներին մեկշաբաթյա ժամկետում ընկերությունների հետ քննարկել կաթի  մթերման գներին եւ արտահանմանն առնչվող հարցերը, այդ թվում` նախարարությանը շաբաթական կտրվածքով տեղեկատվություն տրամադրել կաթի գների, պարտքերի եւ մթերման ծավալների վերաբերյալ:

Նույն շարքից