Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Պռոշյանի կոնյակի գործարան: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի տարածքում, ծանոթացել արտադրական հնարավորություններին, արտահանման ծավալին, ընթացիկ ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին:
Շրջայցից հետո վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գինեգործության ոլորտի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները:
Ողջունելով ներկաներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման ձևաչափով քննարկումները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս վերհանել առկա խնդիրները և քննարկել դրանց լուծման փոխընդունելի տարբերակներ: «Կառավարությունը շահագրգռված է գինեգործության, խաղողագործության, կոնյակագործության զարգացման, արտադրական և արտահանման ծավալների ավելացման հարցում և պատրաստ է հնարավորինս աջակցել ցանկացած ողջամիտ առաջարկության», – նշել է վարչապետը: