Բիզնես Հայաստան Քաղաքականություն 

Պատգամավորները քննարկում են Գյումրու օդանավակայանի ուղևորներին տուրքից ազատելու օրինագիծը

analitik.am

 ՀՀ կառավարությունն առաջարկում է օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի համար Գյումրու «Շիրակ» օդանավակայանի ուղևորներին ազատել 10 հազար դրամ պետական տուրքի վճարումից: Ազգային ժողովը քննարկում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանն ընդգծեց, որ նշված օրենքի ընդունումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «Մասնավորապես, այն ուղղված է ներգնա զբոսաշրջության զարգացմանը, բյուջետային ավիաընկերությունների ներգրավմանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Հայաստանի ավիաշուկայի մրցակցության բարձրացմանը տարածաշրջանում»,- նշեց Ավետիսյանը:


Հայաստանում ներգնա զբոսաշրջային եւ միջազգային ժամանումների թիվը հաստատուն աճ է գրանցել վերջին տարիների ընթացքում: Մասնավորապես, ներգնա եւ արտագնա զբոսաշրջությունը 2008-2012 թթ. աճել է շուրջ 8-9 տոկոսով:

Հայաստանը միջազգային զբոսաշրջային շուկաներում դիրքավորվում է որպես պատմամշակութային, հոգեւոր, էկոտուրիզմի, հանգստի եւ ժամանցի զբոսաշրջային հանգրվան: Վերջինիս նպաստել են ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ, ինչպիսիք են ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ ոլորտի պատշաճ խթանման քաղաքականության իրականացումը, մասնակցությունը հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներին, փառատոնների եւ տոնակատարությունների անցկացումը:


ՀՀ կառավարության կողմից որդեգրված «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում 2014 թվականի 1-ին կիսամյակում արդեն արձանագրվել է դրական եւ կայուն աճ ուղեւորափոխադրումների, զբոսաշրջիկների,  ինքնաթիռների թվի, օդային փոխադրումների սպասարկման աշխարհագրության ընդլայնման, ավիափոխադրումների սակագների նվազման եւ երկրի ճանաչելիության աճի տեսանկյունից:


 ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության ներգնա զբոսաշրջության զարգացման, բյուջետային ավիաընկերությունների ներգրավվման եւ Գյումրու սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանի համաչափ զարգացման անհրաժեշտությամբ:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը գործում է 1961 թվականից եւ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության երկրորդ միջազգային օդանավակայանը:


Օդանավակայանը գտնվում է Գյումրի քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Օդանավակայանի աերոդրոմի վազքուղու երկրաչափական չափերն են 3220x45մ: Միջազգային չափանիշներին համաձայն` աերոդրոմը համապատասխանում է «4D» դասին: Աերոդրոմում տեղադրված նավիգացիոն համակարգն ապահովում է 60x550մ վայրէջքի օդերեւութաբանական նվազագույն պայմանները, ինչը համապատասխանում է «ԻԿԱՕ CAT I» կարգախմբին:

Նույն շարքից