Մշակույթ Հասարակություն 

Մտավորականը չպետք է թույլ տա, որ հասնի պետական մակարդակի. Նարինե Գրիգորյան

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չեք արտահայտվում Հայաստանում առկա սոցիալական և քաղաքական խնդիրների վերաբերյալ, նշեց, որ ոչ թե հեռուստատեսության առաջ ճառ ասելով պետք է դա արվի, այլ գործով. «Որպես մտավորական իմ գործն եմ անում: Փորձում եմ անել այն, ինչ կարողանում եմ լավ անել»:

 

Դերասանուհին հայտնեց, որ վերջերս Թուրքիայից առաջարկ էր ստացել նկարահանվել մի ֆիլմում, որի գումարը բարձր էր, սցենարը՝ շատ լավն էր և պրոֆեսիոնալ, բայց հրաժարվել է նկարահանվելուց, քանի որ սցենարում խոցելի կետ կար:

Նա նաև նշեց, որ հրաժարվել է նկարահանվել նաև հայկական ֆիլմում. «Ցեղասպանության մասին ֆիլմ էր: Սցենարն ահավոր էր, պրիմիտիվ, Թուրքիայի կողմից կարող էր օգտագործվել: Ասում էի՝ հանկարծ չնկարեք: Նկարեցին, հայտնի դերասաններ նկարահանվեցին: Այնքան ահավոր էր, որ պետությունը դա փակեց: Մտավորականը չպետք է թույլ տա, որ հասնի պետական մակարդակի»:



Խոսելով առաջիկա իր պլաններից` դերասանուհին հայտնեց, որ ղարաբաղյան պատերազմի մասին վավերագրական ներկայացում է անելու:  Նա հայտնեց, որ Զառա Նալբանդյանն արդեն գրում է պիեսը, հարցազրույցներն արված են: Նրա խոսքով, գործը սկսելուց առաջ չէր պատկերացում, որ այդ աստիճան հետաքրքիր է, որ այդ թեման այդքան կուտակված է ժողովրդի մեջ:

 

Նարինե Գրիգորյանը նաև նշեց, որ երկրորդ ներկայացումն էլ ունի՝ «Հովնանի մարգարեությունը» Աստվածաշնչից. «Ցյուրիխի պատվերն է: Բեմանկարիչը Ցյուրիխից է, այնտեղից էլ են գալու դիտելու»:

Դերասան, բեմադրիչ Նարինե Գրիգորյանը նշեց, որ երկու աշխատանքին էլ մեծ պատասխանատվությամբ է վերաբերում:

Նույն շարքից