Հասարակություն 

«Հիմնադիր խորհրդարանն» իր կալանավորված անդամներին ազատելու պահանջով երթ է անցկացնում

«Հիմնադիր խորհրդարանի» մի քանի տասնյակ անդամներ այսօր՝ ապրիլի 25-ին, Ժիրայր Սեֆիլյանին եւ «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված մյուս անդամներին ազատելու պահանջով բողոքի կարճատեւ ակցիայից հետո «Էրեբունի» թանգարանի հարակից տարածքից սկսեցին բողոքի երթ՝ մինչեւ Ռոստովյան փողոց։


Սա այն երթուղին է, որը երթի համար արտոնել է Երեւանի քաղաքապետարանը։ 

Երթի մասնակիցները քայլում են «Հարյուրամյակն առանց ռեժիմի» կարգախոսով եւ եռագույն դրոշներ  եւ վանկարկում են «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների անունները։


Նշենք, որ նախապես «Հիմնադիր խորհրդարանը» որոշել էր, որ իրենց հատկացված՝ «Էրեբունի» թանգարանի հարակից տարածքում այսօր նստացույց են սկսելու, սակայն «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց, որ իրենց ռազմավարությունը փոխվել է։

 

«Մեր առաջնային նպատակն այսօր մեր ընկերենրին ազատության մեջ տեսնելն է։ Այն որ նրանք կալանավորված են, չի նշանակում, որ մեր շարժումը ձախողված է։ Մենք շարունակելու ենք պայքարել, եւ որդեգրել ենք քաղաքացիական անհնազանդության ճանապարհը։ Եթե նստացույց անելու որոշում կայացնենք, մեկ ժամ առաջ կտեղեկացնենք»,- ասաց Գագիկ Սարուխանյանը։

 

Ի դեպ, ակցիայի մեկնարկին միջադեպ էր գրանցվել։ Ինչպես տեղեկացրեց ակցիայի մասնակից Հայկ Ավետիսյանը, իրենց մոտեցել է մի քաղաքացի, որը ներկայացել է որպես տարածքի սեփականատեր եւ հայտարարել, որ թույլ չի տալիս իր տարածքում հավաք անցկացնել։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ բանակցելուց հետո միայն նա համաձայնե;լ է թույլ տալ ակցիայի անցկացումը, սակայն արգելել է բեմ տեղադրել։

Նույն շարքից