Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը համացանցում աննախադեպ աճել է. այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումների արձագանքին:
«Google-ում «Հայաստանը որտեղ է», «Հայոց ցեղասպանություն»՝ այսպիսի բանալի բառերի գործածումը երկուսից չորս անգամ աճել է»,-ասաց նա:
Նա նկատեց, որ Twitter-ի ողջ պատմության մեջ երկու-երեք անգամ է եղել, որ հայկական որևէ թեմա հայտնվել է քննարկման մեջ, բայց այս անգամ հայկական թեման top թեմաների մեջ էր՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսրայելի՝ ամբողջ աշխարհի մակարդակով, ինչպես նաև Ռուսաստանում թիվ մեկ թեման է եղել երկար ժամանակ:
«Թուրքիայում ֆլեշմոբ սկսվեց, որով ներողություն էին խնդրում ցեղասպանության համար և դա քննարկման ենթարկվեց: Հաջորդ օրը Հայոց ցեղասպանության հարցը դարձավ Թուրքիայում թիվ մեկ թեմա, հազվադեպ է լինում, որ մեկ թեմա երկար ժամանակ մնում է քննարկման մեջ, իսկ այս թեման երկար մնաց»,-ասաց նա նկատեց, որ թուրքական ներքին թվիթերում լուրջ պայքար էր գնում, և ազգայնականները, ադրբեջանցիները փորձում էին դիմադրել:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ երբեմն ադրբեջանցիները ցանկանում են «ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի պապն է» և ցեղասպանության ժխտման հարցում մեծ աշխատանք են տանում:
«Բայց, երբ ցունամիի պես ալիքը գալիս է, դրա դեմ բարդ է պայքարել»,-ասաց նա և նշեց, որ ծանրակշիռ դեմքերի՝ Հայաստան գալը մեծ դեր ունեցավ, և այս ամեն ինչի դեմ աղբ լցնելն այնքան էլ չաշխատեց:
Ինչ վերաբերում է Google-ին, ապա նա ասաց, Google-ում ողբերգական թեմաներ չեն լինում, սակայն ընկերությունը առաջին էջում տեղադրած սև ժապավենով լուծում տվեց, թեև այն զանգվածը, որը կարող էր դա տեսնել սահմանափակ էր՝ միայն .am-ի այցելուները: