Ի տարբերություն արաբալեզու տպագիր մամուլի՝ արաբական «Ալ Ջազիրա» եւ «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունները կոծկեցին ապրիլի 24-ին Երեւանում Օսմանյան կայսրության տարածքում 1.5 մլն հայերի եւ հարյուր հազարավոր հույների, ասորիների, քրդերի կյանքը խլած Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումները ։ Այս մասին գրում է արաբական «Ալ Հայաթ» պարբերականը՝ ծավալուն հոդվածով անդրադառնալով արաբական խոշոր լրատվամիջոցների կողմից ապրիլի 24-ին Երեւանում եւ Անկարայում կայացած միջոցառումների լուսաբանմանը։
«Տպագիր մամուլը հետեում էր այդ իրադարձություններին՝ հրապարակելով լուրեր, հետազոտություններ եւ հոդվածներ, որոնցում այդ պատմական իրադարձությունները ներկայացվում էին տարբեր տեսանկյուններից։ Միգուցե դրանք միանշանակ չէին, երբեմն՝ նաեւ հակասական, քանի որ հրապարակվում էին թե՛ թուրքական եւ թե՛ հայկական կողմի փաստարկները, իսկ որոշ դեպքերում պարզապես դրանցում անկողմնակալ հրապարակումներ էին լինում։ Իսկ այդ ժամանակ արաբական 2 խոշոր հեռուստաալիքներ՝ «Ալ Արաբիան» եւ «Ալ Ջազիրան», չցանկացան անդրադառնալ այս պատմական ողբերգական դեպքերին ո՛չ առանձին ծրագրով, ո՛չ վավերագրական ֆիլմի տեսքով, մինչդեռ դրանք քաղաքական որոշակի իրադարձությունների տարելիցի օրերին միշտ հատուկ թողարկումներ են պատրաստում դրանց մասին, ինչպես օրինակ եղավ սեպտեմբերի 11-ի կամ Իրաքում Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալման տարելիցի օրերին»,- նշում է թերթը։
«Ալ Հայաթ»-ը անդրադարձել է նաեւ BBC Arabiya-ի պատրաստած հաղորդմանը, որով կայքն անդրադարձել էր Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ շեշտադրումը դնելով դրանցում արքայազն Չարլզի եւ նրա կրտսեր որդու մասնակցությանը։ «Նման կերպով լուսաբանելով իրադարձությունները՝ BBC Arabiya-ն հեռու է մնում ադեկվատ եւ բարոյական չափանիշներին համապատասխան լրատվություն ապահովելուց։ Չպետք է մոռանալ, որ դիտորդները վստահ են, որ թուրքերը դիտմամբ են Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները տեղափոխել ապրիլի 24-ին՝ միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանությունից շեղելու համար»,- գրում թերթը։
«Ամեն դեպքում, եթե «Ալ Ջազիրայի» դիրքորոշումն ինչ-որ կերպով բացատրելի էր, եթե հաշվի ենք առնում, որ Թուրքիան եւ Կատարը ռազմավարական դաշնակիցներ են, եւ Կատարի էմիրը մասնակցում էր Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին, ապա «Ալ Արաբիայի» կողմից ցեղասպանության թեման անտեսելը ոչ մի արդարացում չի գտնում։ Այդ օրերին այն զբաղված էր Եմենում կատարվող դեպքերի լուսաբանմամբ»,- եզրափակում է թերթը