Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Կառավարության և Օրինաց երկիր խմբակցության կողմից հեղինակած «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» և հարակից օրենքների փաթեթում փոփոխություն կատարելու հարցը: Նախագիծն ընդունվեց 92 կողմ, 4 դեմ և 12 ձեռնպահ ձայների քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ այս օրենքը կարգավորում է գերեզմանատների և դիակիզարանների շահագործման հետ կապված իրավահարաբերությունները և սահմանում է հուղարկավորության արարողությունների կազմակերպման պետական կարգավորման հիմնական սկզբունքներն ու պայմանները: Կառավարությունն առաջարկում է կիրառել տուգանք՝ 0-500 հազար դրամի չափով՝ հոգեհանգստի ծառայություն մատուցելու թույլտվության չունենալու և նման ծառայություն կազմակերպելու համար։
Նշենք, որ նախագծում ասվում է, որ հրաժեշտի ծիսակատարության իրականացումը կազմակերպվում է կամավորության սկզբունքով՝ մահացածի հարազատների կամ հուղարկավորությունը ստանձնած անձանց նախաձեռնությամբ և կարող է իրականացվել՝ 1) բնակելի տներում, բազմաբնակարան շենքերի բնակարաններում, 2) եկեղեցիներում, 3) այն շենքերում և շինություններում, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ:
Քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը: Հաջորդ խնդիրն այն է, որ ՀՀ օրենսդրությամբ հոգեհանգստի ծառայության իրականացման և (կամ) մատուցման կարգը և դրանց իրականացման տեղակայման վայրերը սահմանված չեն, ինչի հետևանքով հնարավոր չէ կատարել համապատասխան հսկողություն տվյալ գործունեության տեսակի նկատմամբ: