Բնապահպաններն ահազանգում են Ողջի գետի Կապուտջուղ վտակի («Զանգեզուր» պետական արգելավայրի տարածքում) կառուցվելիք «Կապուտջուղ» ՓՀԷԿ-ի գործունեության` շրջակա միջավայրի ու բնության վրա թողնելիք բացասական հետևանքների մասին:
Այս մասին ահազանգում է բնապահպանական «Էկոլուր» կայքը` մանրամասնելով, որ շինարարությունը նախատեսում է իրականացնել «Արև և Ջուր» ՍՊԸ-ն , որը նախատեսում է «Զանգեզուր կենսոլորտային համալիրի» մեջ ընդգրկված «Զանգեզուր» պետական արգելավայրում` Ողջի գետի Կապուտջուղ վտակի (երկարությունը 8630 մ) վրա կառուցել ՓՀԷԿ-ի կառուցվածքները տեղակայվելու են Քաջարան գյուղական և Քաջարան քաղաքային համայնքների սահմաններում` զբաղեցնելով 0.384 հա:
Ըստ հայտի` դիտարկվող տարածաշրջանում հանդիպում են Կարմիր գրքում գրանցված հետևյալ կենդանատեսակները` Սյունաձև խխունջ, Ֆալետիի կողնջակեր ցայտագնայուկ, Կապանյան երկարասեղիկ, Ապոլոն, Բրենթիս Ինո, Ալկոն կապտաթիթեռ, Արիոն կապտաթիթեռ, Հուբերտի կապտաթիթեռ, Պրոզերպինա իլիկաթիթեռ, Հարավային պայթաքիթ:
Բնապահպանական կայքում նշվում է, որ Կապուտջուղ գետակի վրա ՓՀԷԿ-ի կառուցումը կարող է ունենալ հետևյալ բացասական ազդեցությունները`
ՓՀԷԿ-ի շահագործման ժամանակ գետի ջրային հոսքի նվազեցման արդյունքում փոփոխության կարող է ենթարկվել գետի էկոհամակարգը, իսկ գերնորմատիվային ջրառը կարող է առաջացնել զգալի վնաս:
Հնարավոր ազդեցությունները գետային էկոհամակարգի վրա կարող են արտահայտվել ջրառի պատճառով գետի որոշակի հատվածում ջրի ելքերի զգալի նվազմամբ և վերջինիս պատճառով հիդրավլիկական, ջերմային, նստվածքաբերման, նստեցման և հունալվացման, ինչպես նաև ջրի ինքնամաքրման ռեժիմների խախտմամբ, տեղական ձկների բնակեցման, սնման, ձվադրման և բազմացման պայմանների փոփոխմամբ, գետի հունում անմիջական շինարարական աշխատանքներ կատարելիս (պատվարի և ՓՀԷԿ-ի շենքի կառուցում), գետի ջրի աղտոտմամբ` կախված նյութերով, առարկաներով և նավթամթերքներով,
ջրի որակի հնարավոր վատացմամբ՝ շինհրապարակներում կուտակված շինարարական աղի և վառելիքաքսայուղային նյութերի ողողման և մակերևութային հոսքով գետի մեջ տեղափոխման պատճառով:
ՓՀԷԿ-ի կառուցման տարածքում ծառահատումներ չեն նախատեսվում: