Հանրապետությունում սպասվող տեղատարափ անձրևների շնորհիվ Սևանա լճի մակարդակը մայիսին կարող է բարձրանալ 17–20 սմ–ով, տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոլոգիայի ծառայության կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը։
«Լճի մակարդակն այս պահին կազմում է 1900, 33 մետր, ինչը, նախորդ տարվա համեմատ, 2 սմ–ով ցածր է։ Տարեսկզբի համեմատ ջրի մակարդակը բարձրացել է 20 սմ–ով», – չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ազիզյանը։
Նրա խոսքով` հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և տեղատարափ անձրևների արդյունքում հնարավոր են հեղեղումներ Հրազդան, Ազատ, Արփա, Որոտան և Ողջի գետերի ավազանների մոտ և Սևանա լճի հարավային աճերի մոտ։
«Ախուրյանի ջրամբարի մակարդակը մայիսին կկազմի 85–90 տոկոս, Ազատանի ջրամբարինը` 42,3 տոկոս, Ապարանի ջրամբարինը` 30,6 մլն խորանարդ մետր», – ավելացրեց Ազիզյանը։
ՀՀ կառավարությունը 2014թ.–ի հունվարի 30–ին հավանություն է տվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման և պաշտպանության մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, որոնց համաձայն` մինչև 2019թ.–ը կավելանան ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրի բացթողումները` տարեկան 170 մլն խորանարդ մետրից հասնելով 240 մլն խորանարդ մետրի։