Հայաստան Հասարակություն 

Արդարադատության նախարարը համաներման նախագիծ մշակելու հանձնարարական չի ստացել

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չի կարող ասել, թե երբ կհայտարարվի համաներում և արդյո՞ք  մայիսի 5-ին հրավիրվելիք արտահերթ նիստը վերաբերելու է դրան:

«Ես այդ հարցի հասցեատերը չեմ, հանրապետության նախագահն է որոշում այդ հարցը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:
 

Նա բացասական պատասխան  տվեց հարցին, թե արդյո՞ք ստացել է համաներման որոշման նախագիծ մշակելու հանձնարարություն։

Նշենք, որ մի շարք իրավապաշտպաններ նշում են, որ իրականում Հայաստանում  շատ ավելի շատ են համաներումներ լինում, գրեթե ամեն տարի, քանի որ սա իշխանությունների կոմպրոմիսն է հասարակության հետ՝ ՀՀ  արդարադատության և գերծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկների պայմաններում:
 

Նախարարը, ով նույնպես համարում է , որ ՀՀ-ում առավել հաճախ են լինում համաներումներ, քան այլ երկրներում, չհամաձայնեց համաներման հաճախականության և ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության միջև կապի հարցում: Նա ասաց, որ դրանք տարբեր հասկացություններ ու ինստիտուտներ են:

«Աշխարհում, իհարկե, համաներման տարաբնույթ պրակտիկա է կիրառվում։ Կան երկրներ , որոնք ակտիվ  կիրառում են համաներումը, կան երկրներ, որոնք ավելի շատ ակցենտավորում են պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, որը ավելի կոնկրետ անհատականացման էլեմենտներ է պարունակում»,-հայտնեց Հովհաննես Մանուկյանը:
 

Նախարարը նկատեց, որ որևէ մեկը չի կարող պնդել, որ այս կամ այն մոդելն ավելի ճիշտ է։
 

Հարցին, թե հիմնադիր խորհրդարանի վեց կալանավորված անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի և իր համակիրների քրեական գործերն ուսումնասիրվե՞լ են, նախարարը պատասխանեց, որ դա իր իրավասությունը չէ, ավելին, նույնիսկ իրավունք էլ չունի գործ ուսումնասիրել:
 

«Դա նախաքննական  մարմնի իրավասությունն է, և նրանք կարող են ըստ նպատակահարմարության, ըստ անհրաժեշտության և ելնելով օրենքի պահանջներից՝ պահպանելով նախաքննության գաղտնիության սկզբունքը այդ խնդրի վերաբերյալ, տեղեկատվություն տալ կամ ոչ»,-ավելացրեց Հովհաննես Մանուկյանը:

 

Նույն շարքից