Արգենտինայի հայ համայնքը ապրիլի 28-ին դեպի Թուրքիայի դեսպանատուն զանգվածային երթով, որին մասնակցեցին մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքական գործիչներ, ոգեկոչեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:
10 000 մասնակից ունեցող երթին էին միացել նաև մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադոլֆո Պերես էսկիվելը, Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Կիսագ Մուրադյանը և Բուենոս Այրեսի օրենսդիր անդամ Պաբլո Ֆերեյրան: Երթի մասնակիցները Թուրքիայից ճանաչում պահանջող պաստառներից բացի պատրաստել էին նաև Ադրբեջանին ուղղված պաստառներ` կոչ անելով դադարեցնել հայերի սպանությունը Լեռնային Ղարաբաղում:
Ադոլֆո Պերես Էսկիվելը, ով 1984-ից ի վեր մեծ դեր է ունեցել Ցեղասպանության ճանաչման գործում, ասել է. «Հիշողությունն անցյալում թողնելու համար չէ: Հիշողությունն անհրաժեշտ է ներկան լուսավորելու համար: Մի քանի օրից կայցելեմ Հռոմ և հանդիպում կունենամ Ֆրանցիսկոս պապի հետ: Նրա հետ մտադիր եմ զրուցել այս թեմայով»:
«Եվս մեկ անգամ երթով քայլում ենք դեպի Թուրքիայի դեսպանի նստավայր` որպես պայքարի մի մաս, որը զոհերի ժառանգներս արդեն վարում ենք մեկ դար շարունակ` հասնելու ճանաչման, փոխհատուցման և պատասխանատուների դատապարտման», - ասել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի ներկայացուցիչ Ռազմիկ Նալբանդյանը:
վ