ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վետո է դնելու Կոնգրեսի ցանկացած օրինագծի վրա, որը կխանգարի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ապրիլի 29-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էռնեստը:
«Օբաման վետո է դնելու ցանկացած օրինագծի փոփոխության վրա, որն Իրանի միջուկային թղթածրարի շուրջ ճեղք կառաջացնի Կոնգրեսի եւ վարչակազմի միջեւ, ինչպես նաեւ կմիջամտի Թեհրանի եւ միջազգային «վեցյակի» բանակցությունների գործընթացին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է մամուլի քարտուղարը:
Ապրիլի 28-ին Սենատը հավանության չի արժանացրել օրինագծում փոփոխությունը, որով Իրանի միջուկային ծրագրի շուրջ պատրաստվող համաձայնագրին միջազգային պայմանագրի կարգավիճակ էր շնորհվում: Եթե առաջարկը հավանության արժանանար, այն կզրկվեր Սպիտակ տան աջակցությունից, քանի որ այն վտանգի տակ կդներ Իրանի եւ «վեցյակի» բանակցությունները: