ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ի պատասխան System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանի քննադատությունների՝ ինստիտուցիոնալ անարդարությունից հրաժարվելու վերաբերյալ, Ա1+-ի հետ զրույցում նշել էր. «Քննադատելն ամենահեշտ խնդիրն է: Ինչո՞ւ են հեռանում մեր հայրենակիցները, եթե բարձր աշխատավարձ ունենան, չեն հեռանա: Ուրեմն բարի եղեք, որ այստեղ մեր տնտեսությունը զարգանա, ու մարդիկ չգնան։ Թող պարոնները, բոլոր պարոնները, 1 մլն մարդ 1000 դոլար հաշվեհամար բացի բանկում: Մեզ փող չտա, բանկում փող դնի… բոլորը, ով հնարավորություն ունի, թող 1000 դոլար դնի իր հաշվի վրա, չտա ՀՀ-ին: Բանկերին փող կգա, բանկերը կհզորանան, տնտեսությունը կզարգանա, իրենք էլ տոկոս կստանան: Իրենցից մենք բարեգործություն չենք ուզում»:
Այս հայտարարությունը շատ բուռն արձագանք գտավ, սոցիալական ցանցերում օգտատերերի առաջին արձագանքն այսպիսին էր՝ դադարեցրեք պետական մակարդակով մուրացկանությամբ զբաղվելը: Սակայն Հրանուշ Հակոբյանը չի փոշմանել իր ասածների համար եւ վերահաստատում է այն: Այս մասին այսօր ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նա նախ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ պատճառաբանելով, թե շտապում է, սակայն, այնուամենայնիվ, մի քանի հարցերի անդրադարձավ: ԳԱԼԱ-ի հարցին, թե չի՞ կարծում, որ Սփյուռքը հրաժարվում է Հայաստանում ներդրումներ անել, որովհետեւ հեռանկարներ չի տեսնում, եւ բացի այդ, այդ փողերը գնում են մի քանիսի գրպանը, Հ.Հակոբյանն ասաց հետեւյալը. «Սխալվում եք, Սփյուռքը շատ լավ էլ աշխատում է եւ օգնում է հայրենիքին»:
Իսկ լրագրողներից մեկի այն հարցին, թե ում գաղափարն էր Հ. Հակոբյանի առաջարկը եւ որտեղից է այն առաջացել, Հ.Հակոբյանը տվեց հետեւյալ պատասխանը.
«Երկու տարի առաջ բանկերի եւ ֆինանսիստների համաժողովի ժամանակ է ծնվել այդ գաղափարը, դա նորություն չէ, եւ դրա մասին միշտ էլ խոսում են»:
Համաձայն ԳԱԼԱ-ի հրապարակման՝ այս միտքը նախարարը հայտնել է 29.04.2015 թ-ի ժամը 13:22-ի դրությամբ:
Մինչդեռ նկատում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարի մամուլի խոսնակ Մամիկոն Խուրշուդյանը 28.04.2015 թի 14:45-ի դրությամբ գրել է այդ մասին:
Փաստորեն, ստացվում է, որ նախարության լրատվական ծառայությունում դեռևս օգտվում են մամուլի նախկին խոսնակի «ծառայություններից» կամ վերցնում նրա մտքերը և փոխանցում Հրանուշ Հակոբյանին՝ մատուցելով որպես սեփական մտքեր:
