Ստամբուլում մի խումբ հայերի և ակտիվիստների ակտիվ ջանքերի շնորհիվ հաջողվել է ժամանակավորապես դադարեցնել «Քամփ Արմեն» (Kamp Armen) կոչվող ճամբար-որբանոցի ապամոնտաժումը, թեև շինության մի մասն, այնուամենայնիվ, ոչնչացվել է:
Հիշեցնենք, որ Ստամբուլում մայիսի 6-ի առավոտյան սկսվել էր Ստամբուլի Թուզլա շրջանի «Քամփ Արման» ճամբարի ոչնչացումը: Ապամոնտաժման մասին տեղեկություններից հետո դեպքի վայր են ժամանել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամներ, հայ գործիչներ, հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպության ներկայացուցիչներ, ակտիվիստներ: Վերջիններս կանգնել են շինարարական տեխնիկայի առաջ՝ թույլ չտալով պատմական շինության ոչնչացումը: «Ակօսի» փոխանցմամբ՝ դեպքի վայրում այժմ սպասողական վիճակ է:
Նշենք, որ ճամբարը Հայոց ցեղասպանությանը հաջորդած տարիներին ընդունել է Ստամբուլի, Փոքր Ասիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր տարածքներից հայ փոքրիկների, նրանց համար օթևան դարձել: Ճամբարը ժամանակին ընդունել է նաև «Ակօսի» հիմնադիրներից Հրանտ Դինքին, նրա կնոջը՝ Ռաքել Դինքին, հարյուրավոր այլ հայ կարիքավոր երեխաների: