Այսօր որոշ բնապահպաններ աղմուկ բարձրացրեցին Ոսկու շուկայի դիմացի երկու սոսիները հատելու հետ կապված: Օբյեկտիվ լինելու համար պետք է նշենք, որ Երևան քաղաքը կանաչապատվել և ծաղկապատվել է մասնավորապես վերջին տարիներին, ուստի այդքան էլ գրագետ չէ մեղադրել պատկան մարմիններին քաղաքացիների անվտանգության նկատառումներից դրդված անհրաժեշտ աշխատանքներ կատարելու համար:
Միանշանակ, տարիների հնություն ունեցող ծառերն առաջին հայացքից կարող են միանգամայն առողջ թվալ, բայց քիչ չեն դեպքերը, երբ այդ նույն ծառերը կամ դրանց ճյուղերն ընկել են մեքենաների և շինությունների վրա: Չենք կարծում, որ այդ սոսիներն առողջ ու անվտանգ էին, իսկ Երևանի քաղաքապետարանն էլ դրանք անողոքաբար կտրեց: Եթե այդպես լիներ, ապա ընդդիմադիր Անահիտ Բախշյանը երբեք չէր անդրադառնա այդ հարցին հետևյալ կերպ: Վերջինս ՖԲ-ում գրառում է կատարել այս թեմայով.
՛՛Հարգելիներս,չորացած ծառերի հատման հետ կապված աղմուկն այս դեպքում այնքան էլ իրավացի չէ, որովհետև ստորև հոդվածում նշված հասցեներում չորացած ծառերի մասին է գրվել և քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը դրանց վնասազերծելու նպատակով ձեռնարկում է անհրաժեշտ քայլերը: Այս դեպքում երևի պետք է շնորհակալ լինենք օպերատիվության համար: Եկեք այս դեպքում չխանգարենք: Անահիտ Բախշյան՛՛
Ուրախալի է, որ բնապահպաններն ակտիվ են և նկատում են յուրաքանչյուր դեպք, որն իրենց կարծիքով վնասում է մեր սիրելի մայրաքաղաքի էկոհամակարգին, սակայն նախ պետք է տեղեկանալ գործողության նպատակի ու պատճառների մասին, այնուհետև եզրակացություն անել՝ առողջ ծառե՞րն են կտրվում, թե՞ քաղաքացիների անվտանգությունն է ապահովվում: