Վաշինգտոնի Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթքը կմատուցի Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար գերաշնորհ դոկտոր օլաֆ Ֆիքս Թվեյթը: Հյուրերին կողջունի նաև Եպիսկոպալ եկեղեցու առաջնորդ գերաշնորհ Քաթրին Ջեֆերթս Սքորին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Մայր տա ճարի պաշտոնական կայքը, եկեղեցական արարողությունը հիշատակելու է Հայոց ցեղասպանության զոհերին և երախտագիտություն հայտնելու Աստծուն՝ վերապրածների կյանքի և հետագա սերունդների վերածննդի համար:
Էկումենիկ արարողությանը մասնակցելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Ներկա կլինեն նաև այն անհատների ժառանգները, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայ փախստականներին ցեղասպանության ընթացքում: Արարողության ընթացքում ցեղասպանության զոհերի ժառանգները երախտագիտություն կհայտնեն այդ դժվար օրերին հայ ժողովրդին օժանդակություն ցուցաբերած անհատների ժառանգներին և հաստատություններին: