«Ցավում եմ, որ նման իրադարձություններ շարունակում են տեղի ունենալ մեր երկրում: Պարզապես պետք է ամեն ինչ անել, որ բոլորը հասկանան, որ օրենքից դուրս լինել չեն կարող»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած հերթական միջադեպից:
Ռուստամյանի պնդմամբ, անկախ նրանից, թե ով է իրավախախտում կատարած անձը, պետք է համարժեք պատասխան տան իրավապահ մարմինները, մինչդեռ Հայաստանում այդպես չէ:
«Որդիները հայրերի, իսկ հայրերը որդիների համար պատասխան չեն տալիս, բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, մեր հասարակության մեջ ընկալվում է այնպես, որ զավակները զգում են անպատիժ գործելու հնարավորությունը, որովհետև ունեն բարձրաստիճան պաշտոնյա ծնողների հովանավորությունը», -նշեց դաշնակցական պատգամավորը՝ ընդգծելով, որ Հայաստանում քաղաքացիները ավելի շատ դժգոհում են ոչ թե սոցիալական ծանր վիճակից, այլ անպաշտպան մնալուց:
Դաշնակցականն ասաց, թե արմատավորված համակարգը փոխել է պետք, որ իշխանության եկած անձը իր պաշտոնը չօգտագործի իր շահերի համար, «իշխանությունը որևէ մեկի կամ որևէ խմբի չպատկանի»:
«Իշխանությունը պատկանում է ժողովրդին»,- հավելեց պատգամավորը: