«Պատմությունը պատմություն է դառնում տարիներ հետո: Երբ որ մանրամասներ են ներկայացնում, հայեցակարգ են մշակում երեկվա կռվածները, իհարկե, կողմնակալություն, թյուրիմացություն է լինում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ամեն ինչ գիտենք Շուշիի ազատագրման մասին:
Նա նաև նշեց, որ այսօր հուշեր է գրում Կոմանդոսը, նաև՝ Սամվել Բաբայանը՝ իրարամերժ, սակայն ժամանակ է պետք, որպեսզի անկախ մարդիկ կարողանան բնութագրել:
Ա. Վիրաբյանը նշեց, որ Արցախյան պատերազմի մասին արխիվային փաստաթղթերը պահվում են ՀՀ պաշտպանության նախարարության, նաև ԼՂՀ պաշտպանության բանակի արխիվներում. «Բնական է՝ ժամանակ է պետք, որպեսզի այդ փաստաթղթերը բացվեն»:
Խոսելով Շուշիի ազատագրման կարևորության մասին, Ազգային արխիվի տնօրենն ասաց, որ այն Լեռնային Ղարաբաղի համար կյանքի ճանապարհ բացեց, դադարեց Ստեփանակերտի ռմբակոծումը:
«Մեզ համար հաղթանակի սկիզբ եղավ»,- շեշտեց Ամատունի Վիրաբյանը: