Հասարակություն 

Դեկտեմբերի 2-ին բողոքի ցույցեր.խնդիրը Պուտինի այցը չէ

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցի առթիվ Երևանում նախատեսվում են բողոքի ակցիաներ և ցույցեր: Ինչպես Tert.am-ին փոխանցեցին իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը` ակցիաների անցկացման մասին քննարկումներ են ընթանում:

«Դեկտեմբերի 2-ին կկայանան տարբեր ցույցեր և ակցիաներ, որքան ես հասկանում եմ սոցիալական ցանցերից: Խնդիրն այստեղ Պուտինի այցը չէ, այլ՝ այն, որ պուտինները գալիս են՝ իրենց մոտեցումները հրապարակային ներկայացնելու: Դա մեր քաղաքացիների նկատմամբ ակնհայտ վիրավորական դրսևորում է բոլոր առումներով, ուղղված է մեր ինքնիշխանության դեմ»,-ասաց Արթուր Սաքունցը՝ ընդգծելով, որ այդ բողոքը պետք է շարունակել իրավական և քաղաքացիական բոլոր հնարավոր ձևերով՝ մինչև կասեցվի ՄՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը:

Իրավապաշտպանի խոսքով՝ դա մեկ օրվա, մեկ ժամվա պայքար չէ, դա մարտահրավեր է ՀՀ-ի զարգացմանը: «Սրա նման մարտահրավեր մենք չենք ունեցել, եթե մինչ սեպտեմբերի 3-ը մենք ունեինք տարբեր խնդիրներ, միաժամանակ՝ ունեինք նաև դրանց լուծման հնարավորությունները, բայց սա ուղղված է մեր հնարավորությունների ոչնչացմանը»,-ասաց նա՝ հավելելով, որ չեն ընդունելու այդ որոշումը և դեմ են դուրս գալու հնարավոր բոլոր տարբերակներով:

Անդրիաս Ղուկասյանը նույնպես հնարավոր համարեց Վլադիմիր Պուտինի այցի օրը ցույցերի անցկացումը՝ տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ քննարկումներ են ծավալվում քաղաքացիական և քաղաքական հատվածներում. «Դեռ հստակ չէ, թե դրանք ինչպես պետք է կազմակերպված լինեն, բայց այդ տրամադրություններն առկա են, ինչը բնական է, հասկանալի է»: 
Ըստ նրա՝ այդ օրը բողոքի ցույցերի հավանականությունը կախված է քաղաքական և քաղաքացիական ուժերի կազմակերպվածությունից, և ամենակարևորը՝ նրանից, թե հնարավոր կլինի՞, արդյոք, ՄՄ-ին անդամակցությունից բխող խնդիրները հասանելի դարձնել հանրության լայն շերտերին:

Թե որքանով են պայքարի նման միջոցներն արդյունավետ, Անդրեաս Ղուկասյանը օրինակ բերեց Լեհաստանը, Չիլին և Սերբիան, որտեղ ընդվզումն ընդդեմ պետական քաղաքականության հանրային ծավալներ ստացավ և այդ երկրներում հանգեցրեց ռեժիմների փոփոխության: «Բնականաբար՝ Հայաստանում ևս պետական քաղաքականությունը և հանրության ցանկությունները չեն համընկնում: Դրանից առաջանում է կոնֆլիկտ, ինչը մեր երկրում հեղափոխության է հանգեցնելու»,-հույս հայտնեց նա:

Սկզբնաղբյուրը՝ Tert.am

Նույն շարքից