Հասարակություն 

ՀՀ սպորտի նախարարն արձագանքել է հայ ու ադրբեջանցի մարզիկների միջեւ տեղի ունեցած բախմանը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի միջազգային մրցաշարի ժամանակ բախում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի մարզիկների միջև։

«Համացանցում տարածված տեղեկատվությունը՝ Թբիլիսիում հայ մարզիկների վրա գազազած ադրբեջանցիների ամբոխի հարձակման վերաբերյալ, հայտնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ նախարար Գաբրիել Ղազարյանի հանձնարարությամբ, փորձում է կապ հաստատել կարատեի հավաքականի հետ ու պարզել կատարվածի մանրամասները, ինչպես նաև կազմակերպիչների և միջազգային ֆեդերացիայի հետ հարցը քննարկելուց, փաստերը պարզելուց հետո կլինեն համապատասխան գնահատականներ, կներկայացվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը:

Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչև որակազրկում և արգելք մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ:

Մեկ անգամ ևս կրկնում  եմ, որ հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինի միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»,- հաղորդում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը։

 

Նույն շարքից