Հասարակություն 

Հարբած հաճախորդը սիրահետել է մերկապարուհուն և ծեծել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Սուրեն Հ.-ի գործի դատական քննությունը:
Մարզի գյուղերից մեկի 49-ամյա բնակիչ Սուրենը 2014 թվականի սեպտեմբերի լույս19-ի գիշերը գտնվել է Աբովյան քաղաքի «Քրեյզի» գիշերային ակումբում, զվարճացել է իր ծննդյան օրվա առիթով:



Ըստ մեղադրանքի՝գիշերվա ժամը 4-ին Սուրենը, գտնվելով ալկոհոլային հարբածության «քրեյզի» վիճակում, «սիրահետելու նպատակով հետապնդել ու ձեռքերով հպվել է» գիշերային ակումբի մերկապարուհի Դիանային:



Մերկապարուհին փորձել է սաստել «խենթ» հաճախորդին, բայց Սուրենը դա չի հանդուրժել, Դիանային դուրս է հանել պարահրապարակից, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել պարուհու, ակումբի հաճախորդների ու աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ է տվել պարուհուն, բռնություն է գործադրել՝ ձեռքով մեկ անգամ հարվածել է պարուհու գլխին, ապա դիմադրել է իր խուլիգանական գործողությունները խափանող , հասարակական կարգի պահպանություն իրականացնող Էրիկ Փ.-ին ու Հարություն Գ.-ին՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նաև նրանց:



Ի վերջո, Սուրենի խուլիգանական գործողությունները խափանվել են անվտանգության աշխատողների ու ակումբի հաճախորդների միջամտությամբ:

Սուրեն Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում, միջնորդել է գործը քննել արագացված կարգով:



Դատարանը Սուրեն Հ.-ին մեղավոր է ճանաչել խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտել է 200 հազար դրամ տուգանքի:

Նույն շարքից