ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների համաձայն նախատեսվում է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո աշխատանքի ընդունվողների համար գործատուի՝ աշխատանքային գրքույկ վարելու պարտավորությունը հանվել է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը:
«Միջազգային փորձն ենք վերլուծել, և շատ քիչ երկրներ են, որ դեռևս պահում են աշխատանքային գրքույկի ինստիտուտը: Դա աշխատանքային հարաբերություններում ավելորդ գործընթաց է»,- ասաց աշխատանքի և զբաղվածության վարչության պետը:
Հաջորդ փոփոխությունը, ըստ Թադևոս Ավետիսյանի, վերաբերում է մասնագիտական ստաժ հասկացությանը, և հստակ սահմանվել է, որ մասնագիտական որակավորում ստանալուց հետո այդ մասնագիտությամբ աշխատանքային գործընթացի մասնակցումը հաշվվում է որպես ստաժ:
Փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը նախատեսվել է ամրագրել աշխատանքային պայմանագրում:
«Ունենք ամենամյա արձակուրդ, որի նվազագույն չափը 20 աշխատանքային օրն է: Բայց շատ հաճախ աշխատողները և գործատուները չեն տիրապետում իրենց արձակուրդի իրավունքին, և սրա իրացման տեսանկյունից այս լրացումները շատ կարևոր են»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:
Շարունակելով ներկայացնել օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, աշխատանքի և զբաղվածության վարչության պետը թվարկեց, թե սահմանվել են մինչև 14 տարեկան անձանց աշխատանքային գործունեության թույլատրելի ոլորտները, վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու գործատուի իրավունքը: