Հասարակություն 

Արցախում անցկացվելու է Թթի փառատոն

Արցախի Ամարաս վանքի հարակից տարածքում հունիսի 27-ին առաջին անգամ կկազմակերպվի Թթի փառատոն: Արցախի 7 շրջաններից ու Հայաստանից կազմված տաղավարներում կներկայացվեն թթից ստացված բարիքները` թթի օղին, դոշաբը, չամիչը, մուրաբան: Բացի այդ, կցուցադրվեն արցախյան թթի օղու և դոշաբի պատրաստման ավանդական եղանակները, թթի օղու թորման մշակույթը և այլն: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունից: 

 

Թութը և դրանից ստացված բարիքները մեծ նշանակություն ունեն արցախցիների համար. դրա վկայությունը հենց թթենիների բազմաթիվ այգիների առկայությունն է ամբողջ Արցախում: Փառատոնի կազմակերպիչները կփորձեն հնարավորինս օգտագործել արցախցիների համար կարևոր այդ բնության բարիքի խորհուրդը ամբողջ փառատոնի ընթացքում: Կազմակերպվելու են ավանդական խաղեր, թթենիների թափ տալու մրցույթներ, հյուրասիրություն և բազմաթիվ այլ ժամանցային միջոցառումներ:

 

Մշակութային ծրագիրը ևս խոստանում է առատ ու հետաքրքիր լինել: Փառատոնի ընթացքում կհնչի հայկական ավանդական և ժամանակակից երգ ու երաժշտություն: Արվեստի անկյունում այցելուները կծանոթանան արցախցի տաղանդավոր նկարիչների, վարպետների, կավագործների աշխատանքների հետ: Փառատոնում կներկայացվի նաև մետաքսագործությունը և մետաքսի մշակման արվեստը:

 

Փառատոնի կազմակերպման առաջնահերթ նպատակներից են` տարածաշրջանոմ զբոսաշրջության զարգացման խթանումը, տեղական արտադրության զարգացումը, արցախյան խոհանոցի հանրահռչակումը, ինչպես նաև համայնքների մշակութային կյանքի աշխուժացումը:

 

Փառատոնի կազմակերպիչներն են ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը և «Արենի փառատոն» հիմնադրամը:

Նույն շարքից