Ազգությամբ վրացի Նոդար Բերիձեն, ով «Հանուն խաղաղության» հեծանվային երթի ղեկավար և հիմնական մասնակիցն է, Հայաստան է եկել հեծանվով և պատրաստվում է վաղն առավոտյան սկսել իր երթը դեպի Արցախ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին վերջինս պատմեց, որ ինքը մի քանի տարի եղել է վրացի սպորտսմեն, հեծանվային ճանապարհորդ Լեժավա Ջումբերի օգնականը։ Վերջինիս հետ խաղաղության երթ են սկսել այն բոլոր երկրներում, որտեղ պատերազմական իրավիճակ է։
«Մենք միասին եղել են Ուկրաինայում և խաղաղություն քարոզել, սակայն լեգենդար սպորտսմենը մահացավ և ես պարտավոր էի շարունակել նրա գործը։ Արդեն եղել եմ Ռուսաստանում, այնուհետև մայիսի 9-ին Վրաստանում էի, իսկ հիմա հասել եմ Հայաստան։ Ես Արցախ հասնելուց հետո կփորձեմ ամեն դեպքում Արցախով գնալ Ադրբեջան, թեև գիտեմ, որ վտանգավոր է»,-ասաց նա։
Հեծանվորդն անկեղծացավ, որ դժվար է Հայաստանի լեռներով հեծանիվ վարել, բայց առաքելությունը ստիպում է դիմանալ ցանկացած իրավիճակի։
«Հյուսիսային Կովկասում հակամարտությունները շատ են, ու ես լինելու եմ բոլոր երկրներում։ Ես դեռևս միայնակ եմ անցկացնում երթս, բայց հույս ունեմ, որ մի օր ինձ կմիանան վրացի, աբխազ, օս, հայ, ադրբեջանցի հեծանվորդներ, և մենք միջազգային երթ կանցկացնենք»,-ասաց նա։
Վրացի հեծանվորդն ընդգծեց, որ ինքը չի ֆինանսավորվում որևէ կազմակերպության կամ պետության կողմից, ամեն ինչ անում է իր միջոցներով։