ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Երևանում գործող Ռուս–հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով ՌԴ կառավարության կայքին։
Համաձայնագրի ստորագրումը կնպաստի հումանիտար ոլորտում երկու երկրների կապերի խորացմանը, ռուսական կրթական ծառայությունների արտահանման հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդմանը։
Համալսարանը գործում է ռուսական կրթական չափորոշիչներով, ուսուցումն ընթանում է ռուսաց լեզվով։ Սակայն միաժամանակ ուսման առաջին երեք տարում ընթանում է հայերենի խորացված ուսուցում։ Բացի այդ, բարձր կուրսերի բոլոր ուսանողները հնարավորություն ունեն մասնագիտական գիտելիքներ ստանալ նաև հայերենով։ Ուսանողները ստանում են հայկական և ռուսական պետական նմուշի դիպլոմներ։