«Նվիրիր կյանք» հայկական և ռուսաստանյան հիմնադրամներն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպում են համերգ, որը կանցնի ռուս մեծանուն բանաստեղծուհի Մարինա Ցետաևայի բանաստեղծության՝ «Երբ հոգիներն անցնում են ձեռքերի միջով» տողերի խորագրով:
Համերգին ներկա կլինի «Նվիրիր կյանք» Հայաստանի բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ, Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Այս մասին այսօր հայ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ռուսաստանյան «Նվիրիր կյանքի» համահիմնադիր, ՌԴ ժողովրդական դերասան Չուլպան Խամատովան և Հայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, թատերագետ Մարինե Ալեսը:
Ռուսաստանյան «Նվիրիր կյանքի» համահիմնադիր, ՌԴ ժողովրդական դերասան Չուլպան Խամատովան նկատեց, որ համերգի նպատակն է նաև մեկտեղել բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիներին օգնել են հիմնադրամներին:
Նա հավելեց, որ որպեսզի հիմնադրամին օգնեն որոշակի ֆինանսական միջոցների տեր մարդիկ, անհրաժեշտ է համառ և հետևողական աշխատանք, ինչը հիմնադրամին հաջողվում է։
Եվ համերգի նպատակն էլ, ըստ Չուլպան Խամատովայի, նաև ևս մի անգամ բարերարներին շնորհակալություն հայտնելն է: Նա առանձին շնորհակալություն հայտնեց ռուսաստանցի հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանին: