Բելառուսը միացել է Բոլոնիայի գործընթացին և մուտք է գործել Եվրոպական բարձրագույն կրթական տարածք (ԵԲԿՏ)։ Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանում հինգշաբթի մեկնարկած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ժամանակ։
Քննարկումների ժամանակ գագաթնաժողովի մի շարք մասնակիցներ մտահոգություն են հայտնել Բելառուսի անդամակցության կապակցությամբ։
Այսպես, Նորվեգիայի, Շվեդիայի և Հոլանդիայի կրթության ներկայացուցիչները նշել են, որ Բելառուսը պետք է ներկայացնի հստակ ճանապարհային քարտեզ։
«Ճանապարհային քարտեզն առաջարկ չէ, այլ պահանջ, որը պետք է կատարվի։ Կարևոր է, որպեսզի դրա բոլոր պայմանները կատարվեն։ Մենք պետք է չափազանց ուշադիր հետևենք Բելառուսում տեղի ունեցող գործընթացներին` արդյոք պահպանվու՞մ են ակադեմիական ազատությունները, շարժունության սկզբունքները և մարդու իրավունքներն ընդհանրապես», - հայտարարեց Իսլանդիայի կրթության նախարար Իլուգի Գունարսոնը։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առաջարկեց ընդունել Բելառուսի անդամակցության հայտը՝ պայմանով, որ Բելառուսը կներկայացնի հստակ ճանապարհային քարտեզ, և ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ակադեմիական ազատությունների վերաբերյալ պարտավորությունների կատարումը կվերահսկվի անդամ պետությունների կողմից:
Բելառուսի Հանրապետությունը Բոլոնիայի գործընթացին անդամակցության հայտ է ներկայացրել 2014 թվականին։
Ընդ որում, ներկաներից որևէ մեկը դեմ հանդես չեկավ Բոլոնիայի գործընթացին Բելառուսի միանալուն։