Երեկ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ներկայացվեցին դատաբժշկական և գենետիկական փորձաքննության արդյունքները, որոնք, ըստ իրավահաջորդի ներկայացուցիչների, խոսում են այն մասին, որ ընտանիքի հայրը փորձել է դիմադրել՝ ստանալով բազմաթիվ վնասվածքներ, վնասվածքներ է ստացել նաև Ավետիսյանների հարսը՝ Արաքսյա Պողոսյանը, փորձելով պաշտպանել գրկում գտնվող 6-ամսական Սերյոժային։
Փաստաբանները նաև շեշտել էին, որ փորձաքննություններից եզրահանգվում է, որ Ավետիսյանների ուղղությամբ կրակել է գործում միակ մեղադրյալ Վալերի Պերմյակովը, քանի որ, ըստ զենքի վրա հայտնաբերված Պերմյակովի ԴՆԹ-ի, զենքի միջոցով կատարվել է գործողություն, Սերյոժա Ավետիսյանին դրանով նաև հարվածներ են հասցվել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սպանված տանտիրուհու՝ Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ջուլիետա Ջալալյանը, նշեց, որ Պերմյակովի ԴՆԹ-ի առկայությունը բավարար չէ պնդելու, որ Պերմյակովը միակ հանցագործն է եղել, և սպանությունները միայն նրա ձեռքի գործն են: «Բան չգիտենք: Գտե՛ք իսկական հանցագործներին. ո՞վ արեց, ինչո՞ւ արեց, ի՞նչն է պատճառը, ո՞նց էդ սապլյակը ներս մտավ, քանիսի՞ն ներս մտավ: Ժամ են ասում, բայց կարող իրիկվանի՞ց է ներս մտել և ոչ մենակ. ցանկացած ժամի Գյումրիում քայլում ենք, ռուս զինվորականները ֆռֆռում են»:
Ջուլիետա Ջալալյանը նաև կարևոր է համարում նաև, թե հայտնաբերված հեռախոսները հիմա հայկակա՞ն կողմում են, թե՞ ռուսական: «Ինչո՞ւ էր այդքան հեռախոս վերցրել, գուցե տեսանկարահանե՞լ է, այդ թվում՝ նաև դիմադրությունը, սպանության ընթացքը, մասնակիցներին»,- ասաց նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: