ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց փոփոխություն կատարել 2012 թվականի ապրիլի 26-ի որոշման մեջ և հաստատել միասնական քննությունների օրերը, քննական կենտրոնները և մի շարք այլ հարցեր։
Ինչպես նիստին նշեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարարը, այս տարի կա 11 հազ. 803 դիմորդ և 34 քննական կենտրոն՝ 10-ը Երևանում, 24-ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2-3 քննական կենտրոն:
«Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2-ին, վերջինը՝ հունիսի 23-ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը: Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, և մայիսի 25-ին արդեն կլինեն Հայաստանում»,-ասաց նա:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ և հորդորեց կառավարության անդամներին էլ ուշադիր լինել, որպեսզի այս տարի միասնական քննությունների վերաբերյալ դժգոհությունները նվազագույնի հասցվեն:
«Հասարակության մոտ վստահությունը պետք է բարձրանա, կենտրոնների ղեկավարները պետք է ամեն ինչ անեն, որ թափանցիկ լինեն քննությունները, ու հասարակության մոտ վերականգնվի վստահությունը միասնական քննությունների նկատմամբ»,-եզրափակեց նա: