Հասարակություն 

Analitik.am-ի խմբագիրը Սուքիասյանին մեղադրում է կիբերհանցագործության պատվերի մեջ. գործարարի խոսնակը դա բանսարկություն է որակում

NewsBook կայքը գրում է


Վերջին օրերին կիբերհարձակման հետևանքով չգործող, սակայն արդեն այսօր աշխատանքների բնականոն ընթացքը վերականգնած Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը համոզված է, որ կայքը կոտրվել էր գործածար Խաչատուր Սուքիասյանի պատվերով: Նման համոզմունք նա հայտնեց NewsBook-ի թղթակցի հետ զրույցում: «Կայքը կոտրելու պատվերի մեջ կասկածում են Խաչատուր Սուքիասյանին, այս մասին ասել եմ նաև ոստիկանությունում:



Վերջին շրջանում մենք անդրադարձել էինք նրա գործունեությանը, բացահայտումներ արել, որոնք վերաբերում էին Երևանի Օղակաձև զբոսայգում Սուքիասյանի կողմից հյուրանոց կառուցելուն: Նյութերի տակ հայհոյախառն մեկնաբանություններ և սպառնալիքների պարունակող մենկաբանություններ են եղել: Կայքը կոտրելու օրը ևս Խաչատուր Սուքիասյանի մասին նյութ ենք տեղադրել մեզ մոտ: Հենց այդ օրն էլ կատարվել է կիբեր հարձակումը»,- ասաց Անի Հովհաննիսյանը: Analitik.am կայքի խմբագրի խոսքով` կատարվածի առնչությամբ ինքը դիմել է ՀՀ ոստիկանություն:



Գործով այժմ զբաղվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) կիբեր հանցագործությունների բաժինը: «Ուզում եմ ասել, որ կայքն աշխատանքների վերականգնվելուն պես շարունակելու է շատ ավելի խորը կերպով բացահայտումներ անել այն անձանց գործունեության մասին, որոնց նախկինում անդրադարձել է»,- ասաց նա: Հակառակ կողմի տեսակետը լսելու համար մեր թղթակիցը զրուցեց նաև գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանի հետ, ով Անի Հովհաննիսյանի պնդումները որակեց որպես բանսարկություններ:



«Մենք բարձր ենք գնահատում մամուլի դերը և առողջ քննադատության կողմնակից ենք, իսկ ինչ վերաբերում է բանսարկություններին, կարծում եմ, անիմաստ է նման անհեթեթությունները մեկնաբանելը: Թող ոստիկանությունը պարզի ճշմարտությունը»,- ասաց նա: Դիտարկմանը, որ Անի Հովհաննիսյանի պնդմամբ, իր հետ հանդիպել է ոմն Ալեն, ով ներկայացել է որպես գործարարի մամուլի խոսնակ և պահանջել կայքից հեռացնել նրա մասին նյութերը, Աննա Մկրտչյանն արձագանքեց. «Պարոն Սուքիասյանի մամուլի խոսնակը ես եմ: Նա ում հետ է հանդիպում, ինչ հարցեր է քննարկում, ոչ տեղյակ եմ, ոչ էլ պարտավոր եմ մեկնաբանել»: 

Նույն շարքից