Հայաստանում երեխաների շահագործման դեպքերն ավելի քիչ են, քան այլ երկրներում, հայտարարեց ՄԱԿ–ի հատուկ զեկուցող Մոդ դե Բուր-Բուքուիքիոն` վկայաբերելով Հայաստանի դատախազության և ոստիկանության տվյալները։
Միաժամանակ նա հստակ թվեր և համեմատական ցուցանիշներ չներկայացրեց` ասելով, որ տեղեկության հավաքագրման գործընթացը դեռ սկզբնական փուլում է գտնվում։
«Սա իմ առաջին այցն է Հայաստան` որպես հատուկ զեկուցող։ Իմ այցի նպատակն է տեղեկություն ստանալ երեխաների վաճառքի, մանկական պոռնոգրաֆիայի և մանկական մարմնավաճառության հարցերի վերաբերյալ։ Այդ տվյալների հիման վրա Հայաստանի վերաբերյալ զեկույց կկազմվի, որը ես կներկայացնեմ 2016 թվականի մարտին»,– ասուլիսի ժամանակ ասաց ՄԱԿ–ի ներկայացուցիչը։
Հայաստանում անցկացրած յոթ օրվա ընթացքում փորձագետը հանդիպումներ է ունեցել գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչների և քաղաքացիական հասարակության անդամների հետ, որոնք աշխատում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Նա այցելել է նաև Երևանի, Վանաձորի և Գյումրիի մանկատները։
Նրա խոսքով` Հայաստանում սիրում և պաշտպանում են երեխաներին։ Նա կարծում է, որ հայ հասարակությունը կոլեկտիվ պատասխանատվություն է կրում երեխաների հանդեպ, ինչը չարաշահումների և շահագործման տեղ չի թողնում։ Նա նշեց, որ այնուհանդերձ երկրում խնդիրներ կան երեխաների շրջանում իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկացված լինելու առումով, խախտումների գրանցման մեթոդաբանության հարցում։
«Խնդիրների թվում կարելի է նշել անչափահասների ամուսնությունը, հատկապես` եզդիների և գյուղական համայնքների շրջանում։ Ես երիտասարդության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու և որակյալ կրթություն ստանալու համար հավասար հնարավորություններ ընձեռելու կոչ եմ հանում Հայաստանի իշխանություններին»,– ասաց Բուր-Բուքուիքիոն։
Նա նշեց, որ վտանգ է տեսնում որդեգրման գործընթացի խախտումների առումով, ինչը կարող է երեխաների վաճառքի հանգեցնել։ Նա կարևորեց նաև այն, որ երեխաների շահերը պետք է գերակա լինեն որդեգրողների շահերի համեմատ։
«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը նոր մարտահրավերներ է ստեղծում, հաճախ երեխաները չեն գիտակցում իրենց հետ կապված ռիսկերը։ Հայաստանի սոցիալ–տնտեսական վիճակը աղքատության մակարդակի բարձրացման է հանգեցրել։ Դրա հետևանքով ի հայտ են եկել մուրացկան երեխաները, որոնց ծնողներն են ստիպում մուրացկանությամբ զբաղվել, ավելացել է նաև այն երեխաների քանակը, որոնց ծնողները հանձնում են մանկատուն»,– ասաց Բուր-Բուքուիքիոն։
Հատուկ զեկուցողը ողջունեց ՀՀ իշխանությունների` օրենսդրական բազայի բարեփոխմանն ուղղված գործողությունները, որոնք կարգավորում են երեխաների իրավունքների մեխանիզմները։ Նա նաև հորդորեց Հայաստանում «թեժ գիծ» ստեղծել, որի միջոցով երեխաները կկարողանան հայտնել իրենց իրավունքների խախտումների մասին։-