«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը հայտնում է, որ «Ազատություն» ռադիոկայանը երեկ պաշտոնապես փակել է ադրբեջանական ծառայության Բաքվի գրասենյակը։
Ադրբեջանի իշխանություններն անցած տարվա դեկտեմբերին կասեցրել են գրասենյակի աշխատանքը։ «Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը երեկ հայտարարել է, որ «Ադրբեջանի իշխանությունների կամայական գործողությունները ծանր և որոշ դեպքերում անդառնալի ցավ ու վնաս են պատճառել աշխատակիցներին և նրանց ընտանիքներին»։
Նշվում է, որ իշխանությունը ոչ միայն արգելափակել է «Ազատության» Բաքվի գրասենյակն, այլև անտեսելով իրավական ընթացակարգը` առգրավել է գույքը, տեխնիկական սարքավորումները, փաստաթղթերը, բերման է ենթարկել գրասենյակի աշխատակիցներին, նրանց զրկել է փաստաբանների հետ կապ պահպանելու հնարավորությունից, սպառնալիքներ է հնչեցրել աշխատակիցների և նրանց մտերիմների հասցեին, արգելել է որոշ աշխատակիցների ազատ տեղաշարժը։