Հասարակություն 

Ըստ իս կարելի է մտածել ԿԳՆ-ն տանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ տանելով դեպի ակունքներ. Ա․ Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով տեղեկություններին, թե նախատեսվում է բուհերը Երևանից տեղափոխել Գյումրի, ասաց, որ չկա որևէ նման նախագիծ:



Նախարարն ասաց, որ քննարկվում է բուհական համակարգի կառուցվածքային արդիականացման հարցը, Գյումրիին լրացուցիչ ծանրաբեռնվածություն տալու և բուհերի խոշորացման հարցը:

 

 

Նա հայտնեց, որ կան տարբեր առաջարկություններ, օրինակ` որոշ բուհեր Աբովյան տեղափոխելու հարցը, սակայն դրանք չի կարելի քննարկել կոնտեքստից կտրելով որևէ գործոն, օրինակ՝ շենքեր: «Երևանում էլ բուհերը պետք է խոշորացնել»,- ասաց նա:



Հարցին, թե օրինակ՝ նախարարությունները, որտեղ պետք է տեղափոխել, նա կեսկատակ պատասխանեց.«Ըստ իս կարելի է մտածել ԿԳՆ-ն տանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ տանելով դեպի ակունքներ»:



Ինչ վերաբերում է Հայաստանում Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ բացելուն, նախարարն ասաց, որ դա չի լինելու երկրորդ ռուսական բուհ, քանի որ Հայ–ռուսական (Սլավոնական) համալսարանը նաև հայկական բուհ է՝ ինչպես Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարանը: Նա նշեց. որ Սլավոնական համալսարանը ստացել է թույլտվություն՝ դասավանդել նաև հայերենով։



Արմեն Աշոտյանն ասաց, որ Լոմոնոսովի անվան մասնաճյուղի բացումը նաև քաղաքական որոշում է հաշվի առնելով  հայ-ռուսական հումանիտար կապերը, թեև իրենց համար այն նախևառաջ կրթական որոշում է:



Նախարարը նաև նշեց, որ դրական է համարում այն, որ լավագույն բուհերից մեկի մասնաճյուղն է բացվում Հայաստանում և սա չի կարելի ռուսամետ քայլ համարել, քանի որ նախկինում էլ այլ բուհերի հետ կապված որոշումներ են կայացվել, ինչի համար իրեն չեն համարել արևմտամետ:



«Ես մրցակցության և ընդհանուր որակի պատասխանատու եմ, չունեմ ֆավորիտներ և ոչ մի բուհ չի կարող ասել, որ նախարարի ֆավորիտն է, չկա «լյուբիմչիկներ» բուհերի մեջ, մենք  հավասարաչափ շահագրգիռ ենք, որ բոլոր բուհերը առաջընթաց լինեն»,- ասաց նա:

Նույն շարքից