«ԱԼԳԱ» իրավաբանական ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել.
Հայաստանի բանկային համակարգում գործող «Յունի Բանկի» կցորդ, «Ռեսո», ապահովագրական ընկերությունն իր սեփականատեր Գագիկ Զաքարյանի ոճով ուղղակի «քցում է» հաճախորդներին:
«Քցելու» գործընթացն իրականացվում է օրը ցերեկով և լկտի ցինիզմով:
Կիրառվում է հետևյալ մեխանիզմը. «Ռեսոն» պայմանագիր է կնքում բանկի հետ, որպեսզի բանկից ավտովարկ վերցնող քաղաքացիների ապահովագրումն իրականացնի իր մոտ:
Պայմանագիրը համարելով բանկային գաղտնիք՝ հաճախորդին չի տրամադրում ապահովագրության վկայագիր, պատճառաբանելով, որ շահառուն բանկն է:
Միաժամանակ վարկային պայմանագրում նշվում է, որ հաճախորդը ծանոթացել է ապահովագրության պայմաններին, ինչից հետո նրան տրամադրվում է բանկային հուշաթերթիկ, որում բառացի նշված է.
«Ավտոմեքենան ապահովագրված է հրդեհից,առևանգումից և երրորդ անձանց ապօրինի գործողություններից: Իսկ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար հաճախորդները կարող են այցելել «Ռեսոյի» պաշտոնական կայք»:
Սակայն, այցելելով կայք, հաճախորդը տեսնում է տարբեր տարեթվերով մոտ 6 պայման, ուստի, չունենալով ապահովագրության վկայագիր, այդպես էլ չի իմանում, թե ինչպիսի պայմաններով է ապահովագրված: Նույնիսկ հրաշքով պարզելու պարագայում՝ հաճախորդի համար դա փրկություն չէ, քանի որ բանկի և «Ռեսոյի» գլխավոր պայմանագիրը կայքում բացակայում է, իսկ բանկը հրաժարվում է ներկայացնել՝ պատճառաբանելով որպես բանկային գաղտնիք:
Ավտոմեքենայի առեւանգման պարագայում, ապահովագրությամբ հասանելիք փոխհատուցման հայտ ներկայացնելիս հաճախորդը հայտնվում է զավեշտալի իրավիճակում. Պարզվում է՝ առևանգումը քրեական օրենսգրքով մի բան է, իսկ «Ռեսոյի», տարբերակում՝ այլ, իսկ երրորդ անձի ապօրինի գործողություններն էլ լրիվ ուրիշ իմաստ են ստանում: Բնականաբար, «Ռեսոն» հաճախորդին մերժում է՝ հրաժարվելով փոխհատուցում տրամադրել՝ պատճառաբանելով, որ պայմանագիրը կնքնվել է բանկի հետ: Արդյունքում հաճախորդը փոխհատուցում ստանալու համար ստիպված է դատի տալ բանկին:
Բանկն իր հերթին հայտարարում է, որ «Ռեսոն» հրաժարվել է փոխհատուցել՝ միաժամանակ պնդելով, որ ստորագրված պայմանագրում հաճախորդը ծանոթացել է պայմաններին, բացի այդ լրացուցիչ տեղեկությունների համար կարող էր այցելել «Ռեսոյի» պաշտոնական էջ:
Փաստորեն,վարկառուն, պատշաճ կերպով կատարելով բոլոր ապահովագրական մուծումները, պատահարի դեպքում ուղղակի քցվում է:
Այսպիսով, «Ռեսոյի», մանիպուլյացիայի հետևանքով հաճախորդն ու բանկը դուրս են գալիս իրար դեմ, իսկ «Ռեսոն» յուրացնելով գումարները՝ անցնում Է հաջորդ զոհին: