Ազատության հրապարակում մեկնարկել է հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիան: Քիչ անց երթ կմեկնարկի` ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման: Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ հոսանքի սակագինը 40-53%-ով բաձրացնելու համար:
Երթի մասնակիցները կքայլեն Սայաթ Նովա, Աբովյան փողոցներով, կլինեն Հանրապետության հրապարակում, ՀՀ Կառավարության շենքի դիմաց, ապա՝ Ամիրյան փողոցով դեպի Մաշտոցի պողոտա և կվերադառնան Ազատության հրապարակ:
Ազատության հրապարակում «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե երբ հարցը հասցնում են ծայրահեղության, հասարակությունը համախմբվում է:
«Սա միայն Երևանում չէ, մարզերում նույնպես լայնածավալ երթեր են իրականացվում: Սա հաղթանակի կոչ է»,-ասաց Վաղինակ Շուշանյանը
«Նաիրիտ»-ի աշխատակիցները միացան երթին՝ «Ո՛չ թալանին» կոչերով:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որ նույնպես Ազատության հրապարակում է, ասաց, թե սա հուսադրող երթ է:
«Այս միջոցառումները պետք է շարունակել, սա միակ ձևն է, որ իշխանությունները և հանձնաժողովը հետևություններ անեն»,-ասաց Արամ Մանուկյանը՝ հիշեցնելով տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները:
Նա նշեց, թե ճշմարտությունը միակն է, և իշխանությունները կվերանայեն իրենց որոշումները:
Ազատության հրապարակում են նաև ATV հեռուստաընկերության «Armcomedy» հաղորդաշարի տղաները՝ « Շատ ջղային կարգախոս» գրությամբ պաստառով:
«Թանկացումը պետք է կանխել, քանի որ այն շատ ուղղակիորեն խփելու է բոլորի գրպաններին»,-ասաց հաղորդման վարողներից Նարեկ Մարգարյանը:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները նույնպես միացել են ակցիային: