Հասարակություն 

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում Մովսես Խորենացու մեդալ է հանձնվել քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին

Մայիսի 29-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել մոսկվաբնակ հայազգի անվանի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ, երկարամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրման արարողությունը: Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ միջոցառմանը ներկա էին դիվանագետներ և լրագրողներ:

 


Բարձր պարգևը հայտնի քանդակագործին հանձնել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ով իր խոսքում նկատել է, որ ինչպես Հայաստանում և Ռուսաստանում, այնպես էլ՝ ողջ աշխարհում անվանի արվեստագետը վայելում է մեծ հեղինակություն, իսկ նրա աշխատանքները շարունակ արժանանում են բարձր գնահատականի:

 


Միջոցառմանը ելույթով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով, բարձր գնահատելով Գեորգի Ֆրանգուլյանի ներդրումը հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների զարգացման գործում, շնորհավորել է արվեստագետին նաև նրա 70-ամյա հոբելյանի առթիվ:

Նույն շարքից